Բանանի ու շաքարավազի գները հանգիստ չեն տալիս․արդարացված է արդյո՞ք մարդկանց ցնծությունը

Փորձագետը կարծում է, որ հայաստանյան շուկայում որոշ ապրանքների գների նվազումը կարող է պայմանավորված լինել մի շարք այլ գործոններով, այլ ոչ թե իշխանափոխությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik, Լիլիթ  Հարությունյան․ Վերջերս Հայաստանում մեծ իրարանցում է առաջացրել այն փաստը, որ բանանի ու շաքարավազի մենաշնոհրված շուկաներում գների անկում է նկատվում։

Խոսքը, մասնավորապես այն մասին էր, որ կարճ ժամանակահատվածում այս ապրանքները զգալիորեն էժանացել են։ Եթե նախկինում մեկ կիլոգրամ շաքարավազն արժեր 390 դրամ, ապա հիմա՝ 340։ Բանանն ավելի կտրուկ է էժանացել․կիլոգրամը 900 դրամի փոխարեն կարելի է գնել 600 դրամով։ Գնի նվազումը 33 տոկոս է կազմում։

Ինչո՞ւ են բանանի ու շաքարի գները նվազել Հայաստանում

Պետք է նշել, որ այդ ապրանքների գները գրեթե միշտ չափազանց բարձր էին, ինչը տրամաբանության ու տնտեսության կանոնների տեսակետից անբացատրելի էր։

Շատերը նման փոփոխությունները կապում են իշխանափոխության հետ, որի արդյունքում փոխվել են բիզնեսի խաղի կանոնները։ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը կարծում է, որ այդ ապրանքների գների անկումը կարող է այլ պատճառների հետ կապված լինել, ու հասարակություն մեջ այդ թեմայի շուրջ ցնծությունն այդքան էլ հիմնավորված չէ։

«Եթե բանանի գները նախորդ տարիների տվյալների հետ համեմատենք, ապա կտեսնենք, որ փոփոխություններն ավելի շատ սեզոնային առանձնահատկություններով են պայմանավորված, հատկապես, որ այս տարի Էկվադորում մեծ բերքատվություն է գրանցվել։ Դա, իհարկե, ուղղակիորեն ազդել է ապրանքի գնի վրա», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց նա։

Փորձագետի խոսքով՝ հետհեղափոխական մեծ ակնկալիքների ֆոնին պատահական դրական փոփոխությունները շուկայում հասարակության մեջ ցնծություն են առաջացնում։ Միաժամանակ, կարևոր է գնահատել ցանկացած տեղեկություն, գիտակցել, որ մեկ օրվա կամ մեկ շաբաթվա ընթացքում ապրանքների գների լուրջ փոփոխություններ լինել չեն կարող։

Մարգարյան. «Մարդիկ հասկանում են` գների կոռուպցիոն բաղադրիչը ջրի երես դուրս կգա»

«Եթե որևէ իրական փոփոխություն ենք արձանագրում, ապա պետք է մանրամասն ուսումնասիրել իրավիճակը, չի բացառվում, որ շուկայում առաջատարի դերը կատարող որևէ գործարար պարզապես իջեցրել է գները, որ այլ ներկրողներ պարզապես չկարողանան մտնել այդ ոլորտ», — հավելեց Պիպոյանը։

Ինչ վերաբերում է  շաքարավազի շուկային, փորձագետի կարծիքով, լուրերն այն մասին, որ դրա գները 260-270 դրամ են հասել (մոտ 55 տոկոս նվազեցում) պարզապես իրականությանը չեն համապատասխանում։

«Այո, շաքարավազի շուկայում որոշ փոփոխություններ են տեղի ունեցել, սակայն դա այն չէ, ինչի մասին անընդհատ խոսում են։ Սոցիալական կայքերում արված բազմաթիվ գրառումներն այդքան էլ ճշմարիտ չեն։ Առանց մասնագետների մանրամասն ուսումնասիրությունների չի կարելի ո՛չ ուրախանալ, ո՛չ տխրել։ Պետք է ուսումնասիրել ու հասկանալ՝ արդյո՞ք դա ապրանքի որակի հաշվին տեղի չի ունեցել», — նշեց նա։

Նա խնդրեց ու միաժամանակ կոչ արեց հասարակությանը շուտափույթ եզրակացություններ չանել։ «Մի կողմից, փոփոխությունների կսպասենք, քանի որ բոլորս այդ փոփոխությունների համար էինք փողոց դուրս եկել, մյուս կողմից էլ՝ պետք է գիտակցել, որ միայն մի քանի օրվա ընթացքում հնարավոր չէ տեսանելի ու զգալի փոփոխությունների հասնել»։

Նշենք, որ այլ ապրանքների գներում դեռ էական փոփոխություններ չեն նկատվում։