Դաշնակցական նախարարը արտահերթ ընտրության հավանականություն չի տեսնում

Արծվիկ Մինասյանը չի բացառել, որ եթե կառավարությունը լավ աշխատի, արտահերթ ընտրությունների կարիք չի զգացվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանն արտահերթ ընտրությունների հավանականություն չի տեսնում։ Այս մասին նա այսօր հայտնել է Բաշ–Ապարանի հերոսամարտին նվիրված տոնակատարության ժամանակ, լրագրողների հետ զրույցում։ 

«Հարկ է աշխատել, առաջ տանել գաղափարները։ Երբ որ կզգանք, որ անհնարին է այլևս առաջ գնալ, այդ ժամանակ էլ հարկ կլինի արտահերթ ընտրությունների գնալ»,– ասել է Մինասյանը։

Արտահերթ ընտրությունների հարցում ՀՀԿ–ի հետ համաձայնությունը չի բացառվում. Մարուքյան

Նախարարը հիշեցրել է, որ իրավական տեսակետից արտահերթ ընտրությունների իրավասությունը խորհրդարանական փոքրամասնության ձեռքում չէ։

Իսկ քաղաքական տեսակետից, նրա դիտարկմամբ` եթե կառավարությունը հաջողի իր ծրագրերը, հնարավոր է, որ արտահերթ ընտրությունների կարիք չառաջանա։

Արծվիկ Մինասյանը համոզմունք է հայտնել, որ խորհրդարանում ներկայացված ուժերը, այդ թվում`«Հանրապետական» կուսակցությունն աջակցելու են նոր կառավարության ծրագրերին։

«Ես համոզված եմ, որ մեր կառավարությունը երբեք ավելի վատ վիճակի առաջ չի կանգնեցնի երկիրը։ Հակառակը` ավելի լավանալու է վիճակը, և դրան օգնելու են բոլոր քաղաքական ուժերը, որոնք ներկայացված են խորհրդարանում»,– ասել է նա և հիշեցրել, որ ՀՀԿ–ն նախապես հայտարարել է այն երկու կարևոր ուղղությունները, որոնցով կարող է վերապահումներ ունենալ։ Դրանք են` անվտանգությունն ու պաշտպանական համակարգերին վերաբերող հարցերը։