Վաշինգտոնն ու Անկարան Մանբիջում գործողություն իրականացնելու ճանապարհային քարտեզ են մշակել

ԱՄՆ-ի պետքարտուղարը և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը կհանդիպեն հունիսի 4-ին՝ աշխատանքային խմբի խորհուրդները քննարկելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Սիրիայի հարցով աշխատանքային խումբը, որում ընդգրկված են ԱՄՆ-ի և Թուրքիայի ներկայացուցիչները, նախանշել է ճանապարհային քարտեզի հիմնական կետերը՝ Մանբիջում համագործակցության համար։ Այս մասին նշված է Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական կայքում։

Սիրիական բանակն ազատագրել է Դամասկոսի հարավը

Ճանապարհային քարտեզ մշակելու նպատակը, ըստ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ձևակերպման, Մանբիջում անվտանգություն և կայունություն ապահովելն է։ Հաղորդագրությունում նշվում է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն և ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն կհանդիպեն հունիսի 4-ին՝ աշխատանքային խմբի խորհուրդները քննարկելու համար։

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն արդեն հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հետ քայլեր կձեռնարկի Սիրիայի Մանբիջ շրջանում։

Նա հավելել էր նաև, որ Մանբիջում ֆրանսիական ռազմական ներկայություն չի լինի։

Հիմա Մանբիջը քուրդ աշխարհազորայինների վերահսկողության տակ է։

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հունվարի 20-ին հայտնել էր «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Այն ուղղված էր սիրիական Աֆրինում քրդերի ձևավորումների դեմ։ Թուրքական զինուժի հետ միաժամանակ գործում էին «Սիրիայի ազատ բանակի» գրոհայինները։

Փետրվարի 19-ին Սիրիայի պաշտոնական ԶԼՄ-ները հայտնել էին Աֆրին կառավարական զորքերը մտցնելու վերաբերյալ քրդերի վարչակազմի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին։