Տարոն Մարգարյանը խոսեց իր հրաժարականի մասին

Երևանի քաղաքապետը հայտարարեց, որ իրենց թիմը ստացել է երևանցիների վստահության քվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տալու մտադրություն չունի: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք պատրաստվո՞ւմ է հրաժարական տալ:

«Տարոն, հեռացիր» կամ «Տարոն, քաղաքապետ», քաղաքապետարանը «ռազմադաշտի» է վերածվել

«Ոչ, ես բազմիցս եմ ասել և նորից եմ կրկնում, որ մենք ստացել ենք երևանցիների վստահության քվեն, մեր ծրագրերը հավանության են արժանացել մեր բնակիչների կողմից և մենք շարունակում ենք մեր ծրագրերը կյանքի կոչել»,- ասաց նա:

Նա նշեց, որ իրենց թիմը պատրաստ է աշխատելուն, իրենք իրենց ծրագրերն ենք իրականացնում, ներկայացնում են իրենց կատարած աշխատանքները և անելիքների մասին են խոսում։

«Թե հետագայում ինչ կլինի, այդ ժամանակ կխոսենք»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ վերջին շաբաթվա ընթացքում Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով մի քանի անգամ բողոքի ցույցեր անցկացվեցին քաղաքապետարանի դիմաց: