Նախարարը նամակ է գրել նախարարին. ի՞նչն է մտահոգում Թորոսյանին

Առողջապահության նախարարն ուզում է, որ կլինիկական օրդինատուրայի տեղերն ավելանան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նամակով և բանավոր դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին, որպեսզի այս տարի ՀՀ առողջապահության նախարարությանը հատկացնեն կլինիկական օրդինատուրայի 60 նպատակային տեղ` նախորդ տարվա 30-ի փոխարեն։ Թորոսյանն այս մասին հայտնել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Այդ տեղերից 57-ի համար կնքվելու են պայմանագրեր դիմորդների հետ, որպեսզի նրանք ուսումն ավարտելուց հետո առնվազն 5 տարի աշխատեն մեր կողմից նշված մարզային բուժհիմնարկում»,- նշել է նա։

Թորոսյանի խոսքով` այս խնդրի լուծման մեջ, սակայն, մեծ դեր ունեն նաև տեղական և տարածքային կառավարման մարմինները, որոնք պետք է առողջապահությունը դարձնեն իրենց գերակայություններից մեկը և բժիշկներին ապահովեն նորմալ կենցաղային պայմաններով, որպեսզի նրանք մեծ հաճույքով ցանկանան աշխատել մարզերում։