ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմեց արտերկրում գտնվող և «բանակից ազատված» զորակոչիկներին: Մինչ այդ նա ներկայացրեց որդուն` Աշոտին, որը ամառվա զորակոչին ծառայության է մեկնելու բանակ։ Աշոտն էլ իր հերթին նշեց, որ դիմում է գրել և ցանկանում է զինվորական ծառայությունն անցկացնել Արցախում:
«Արտերկրում գտնվող մեր բոլոր զորակոչիկներին կոչ եմ անում հենց վաղը գնել տոմս, գալ Հայաստան, ներկայանալ զինկոմիսարիատ և մեկնել ծառայության։ Ես համապատասխան հրահանգ կտամ, որ նրանց նկատմամբ, ովքեր կհայտնեն բանակ մեկնելու մասին, իրավական որևէ պրոցեդուրա չի իրականացվի»,- ասաց Փաշինյանը։
Նա ընդգծեց` սա ուրիշ Հայաստան է, որտեղից չեն փախչում, այլ միայն վերադառնում են։
«Ուրախ եմ, որ այս կոչն անում եմ այս պայմաններում, երբ իմ որդին էլ է բանակ մեկնելու, և ես հպարտանալու եմ նրա ծառայությամբ»,- ընդգծեց վարչապետը։
Փաշինյանը կոչ արեց, խնդրեց ու պահանջեց, որ բոլորը կրեն իրենց պատասխանատվությունը հայրենիքի առաջ։