Ես չեմ որոշում` ում հարցաքննության կանչեն. Փաշինյան

ՀՀ վարչապետը խոսել է ԱԱԾ–ի բացահայտումների մասին` վստահեցնելով, որ նախաքննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնաբանում ԱԱԾ բացահայտումները, քանի որ դա կարող է մեկնաբանվել որպես նախաքննությունն ուղղորդելու փորձ։ Այդ մասին վարչապետն ասաց այսօր՝ մայիսի 26-ին, Դիլիջանում լրագրողների հետ զրույցում։

ՊԵԿ–ի բարձրաստիճան պաշտոնյաների շուրջ սկանդալ է հասունանում. ԱԱԾ–ի տեսանյութը

«Ես այդ կապակցությամբ ոչ մի մեկնաբանություն չեմ անի, նախաքննությունը ընթանում է և կտա բոլոր հարցերի պատասխանը: Կարծում եմ` որևէ մեկը չի կասկածում, որ նախաքննության համար բոլոր պայմանները ստեղծված են, և այն պետք է տա բոլոր հարցերի պատասխանը»,- նշեց Փաշինյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին` հնարավո՞ր է` հարցաքննության կանչվեն բարձրաստիճան պաշտոնյաները։

«Ես չեմ որոշում` ում հարցաքննության կանչեն»,- ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք` մայիսի 19-ին լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը Արթուր Վանեցյանը հայտնել էր, որ կոռուպցիոն շղթաների բացահայտման մասին քրեական գործեր են հարուցվել: Նա խոստացել էր, որ քննության ավարտին ապօրինի հարստացած մարդիկ պետք է գումարները վերադարձնեն պետբյուջե:

Նրա խոսքով` քրեական գործում ներգրավվել են մաքսային, հարկային, դատական, ոստիկանության որոշ ստորաբաժանումների աշխատակիցներ: Վանեցյանն ասել էր, որ 350 մարդ տեղյակ չեն, որ իրենց անունով գրանցված կազմակերպություններ կան, որոնք իրականացնում են տնտեսական գործունեություն և հարկեր չեն վճարում: Ի դեպ, այդ մարդիկ ծանր սոցիալական վիճակում գտնվող քաղաքացիներ են, որոնց անձնագրերը վերցրել են 5, 10, 20 հազար դրամով և նրանց անունով գրանցել տարբեր կազմակերպություններ: