Սամվել Ալեքսանյանը «փուռն է գնում». «Ժամանակ»

Թերթը տեղեկություններ ունի, որ հայտնի գործարարի մերձավոր շրջապատից շատերին կալանավորել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. ԱԱԾ-ում քննվող ապօրինի հարստացման գործի շրջանակներում կալանավորվել են մի քանի օլիգարխների մերձավոր շրջապատի ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում է «Ժամանակ» օրաթերթը։

ԱԱԾ–ն չորս հոգու ձերբակալեց. հարցաքննվել են ՊԵԿ նախագահի երկու նախկին տեղակալները

«Ամենաշատ կալանավորվածները ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ղեկավարած ընկերություններից են, որոնց թիվը անցնում է մի քանի տասնյակից»,- նշված է թերթում:

Հիշեցնենք` մայիսի 19-ին լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը Արթուր Վանեցյանը հայտնել էր, որ կոռուպցիոն շղթաների բացահայտման մասին քրեական գործեր են հարուցվել: Նա խոստացել էր, որ քննության ավարտին ապօրինի հարստացած մարդիկ պետք է վերադարձնեն գումարները պետական բյուջե:

Նրա խոսքով` քրեական գործում ներգրավվել են մաքսային, հարկային, դատական, ոստիկանության որոշ ստորաբաժանումների աշխատակիցներ: Վանեցյանն ասել էր, որ 350 մարդ տեղյակ չեն, որ իրենց անունով գրանցված կազմակերպություններ կան, որոնք իրականացնում են տնտեսական գործունեություն և հարկեր չեն վճարում: Ի դեպ, այդ մարդիկ ծանր սոցիալական վիճակում գտնվող քաղաքացիներ են, որոնց անձնագրերը վերցրել են 5, 10, 20 հազար դրամով և նրանց անունով գրանցել տարբեր կազմակերպություններ: