Նիկոլ Փաշինյանը խոսեց Արտակ Դավթյանի ու Մովսես Հակոբյանի նշանակումների մասին

Վարչապետը վստահեցրեց` եթե որևէ մեկի աշխատանքը բավարար արդյունքների չհանգեցնի, կհետևեն այլ որոշումներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանեց ԶՈՒ շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանի նշանակումը։

«Արտակ Դավթյանը բանակի 5-րդ կորպուսի հրամանատար է եղել, Հայաստանի ԶՈՒ գեներալ-մայոր, և դրանով ամեն ինչ ասված է»,- այսօր` մայիսի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Փաշինյան։

Նշենք, որ Արցախի նախկին փոխվարչապետ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը՝ անդրադառնալով Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնում գեներալ-մայոր Արտակ Դավթյանի նշանակմանը, նշել էր. «Պարտավոր եմ ահազանգել, ամենաանպատրաստ գեներալը նշանակվել է ամենապատասխանատու պաշտոնին»:

Ես չեմ որոշում` ում հարցաքննության կանչեն. Փաշինյան

«Այդ մտահոգություններին վերաբերում եմ հետևյալ կերպ, որ Գլխավոր շտաբի պետը իր գործունեությամբ պետք է փարատի բոլոր մտահոգությունները»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե Մովսես Հակոբյանի նշանակումը մեկ այլ պաշտոնի նույնպես միանշանակ չընդունվեց, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ շատ քիչ նշանակումներ կան, որ միանշանակ են ընդունվում:

«Կարծում եմ` մեզ համար կարևոր են ոչ թե նշանակումները, այլ այն գործունեությունը, որ տվյալ պաշտոնյաները պիտի վարեն այդ աշխատանքի ընթացքում »,- ասաց նա:

Փաշինյանի խոսքով` այդ հնարավորությունը պետք է տալ, եթե որևէ մեկի աշխատանքը բավարար արդյունքներ չի բերի, դրան կհետևեն այլ որոշումներ։

Նշենք, որ ԳՇ պետի պաշտոնից ազատված Մովսես Հակոբյանը մայիսի 24-ին նշանակվեց ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ։

Նույն օրը ԶՈՒ շտաբի պետ էր նշանակվել նաև Արտակ Դավթյանը։