Ինչո՞ւ ավելի քան 145 դպրոց այս տարի շրջանավարտ չեն ունեցել. «Փաստ»

Թերթը պարզել է, որ այս տարի 250 դպրոց ընդամենը 1-5 շրջանավարտ են ունեցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Երեկ հանրապետությունում հնչեց «Վերջին զանգը», սակայն ուրախ տրամադրությունների հետ միասին առկա են նաև մտահոգիչ երևույթներ: Այս մասին գրում է «Փաստ» օրաթերթը` նշելով, որ այս ուսումնական տարում ավելի քան 145 դպրոց շրջան ավարտ չի ունեցել:

«Ավելին, ևս 250 դպրոց ունեցել են ընդամենը 1-5 շրջանավարտ: Այս դպրոցների գերակշիռ մեծամասնությունը գյուղական բնակավայրերի կրթօջախներ են: Սրանք բավական մտահոգիչ թվեր են, որոնք խոսում են հատկապես գյուղերում տիրող վիճակի, տարիներ շարունակ աճող արտագաղթի տեմպերի մասին»,- նշված է հոդվածում:

Թերթը նշում է` չորս միլիոն բնակչության երազանքներով ապրող երկրի համար, որը դեմոգրաֆիկ լուրջ խնդիրներ ունի, մի կողմից անընդհատ աճող արտագաղթը և մյուս կողմից Երևանը քաղաք-պետություն դարձնելու հետևողական քաղաքականությունը ուղղակի աններելի շռայլություն են: