ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և նրա կնոջ` Նունե Սարգսյանի նախնիները ծնվել են Վրաստանում, այդ պատճառով էլ Թբիլիսին նրանց համար հարազատ քաղաք է։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այս մասին ասաց Թբիլիսիում ելույթի ժամանակ։ Նա Վրաստան է մեկնել Վրաստանի Պետականության վերականգնման 100-ամյակի միջոցառումներին մասնակցելու համար։
«Ինձ համար մեծ պատիվ է այսօր Վրաստանում լինելը։ Սա իմ քաղաքն է, իմ ու կնոջս տատերի և պապերի քաղաքը»,- ասաց Սարգսյանը։
Նա ընդգծեց, որ հայերն ու վրացիները շատ ընդհանրություններ ունեն և պատմականորեն կապված են միմյանց։ Նա նշեց, որ մայիսի 28-ին հայ ժողովուրդը նշելու է Առաջին ՀԱնրապետության հռչակման 100-ամյակը։
«Այս տարիների ընթացքում հայ և վրացի ժողովուրդներն ապրել են կողք կողքի։ Մենք միասին ենք պայքարել անկախության համար։ Այդ ընթացքում մեր միջև ո՛չ հակասություն է եղել, ո՛չ էլ չհասկացվածություն»,- ասաց նախագահը։
Սարգսյանն ընդգծեց, որ հայերին ու վրացիներին իրար է մոտեցնում ոչ միայն ընդհանուր պատմությունւ, մշակութային նմանությունը, այլև կրոնը։
«Շնորհակալ եմ նախագահին ու կառավարությանը ջերմ ընդունելության համար, հատուկ շնորհակալություն հրաշալի Թբիլիսին»,- ասաց նա։
Արմեն Սարգսյանը Վրաստան է մեկնել մայիսի 25-ին։ Նա արդեն հանդիպումներ է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու, նախագահ Գիորգի Մերգվելաշվիլու, «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու հետ։