Սարգսյանը Ֆինլանդիայի նախագահին հրավիրեց Հայաստան

Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի նախագահի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Թբիլիսիում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 26-ին հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։

Ընդգծելով, որ անցած տարի Հայաստանն ու Ֆինլանդիան թևակոխեցին դիվանագիտական հարաբերությունների քառորդ դարը, Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ այդ տարիների ընթացքում հայ-ֆիննական հարաբերությունները կայուն զարգացում են ապրել։

Արմեն Սարգսյանը կարևորել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակականությունը և հրավիրել է իր ֆին գործընկերոջը՝ պաշտոնական այց կատարելու Հայաստան։

Նախագահ Սարգսյանի խոսքով` Հայաստանն ու Ֆինլանդիան, լինելով փոքր երկրներ, ունեն բազմաթիվ ընդհանրություններ, որոնք լավ հիմք են ստեղծում համագործակցություն շրջանակն ընդլայնելու համար:

«Պատմական իրադարձություն». Վրաստանի նախագահը` Սարգսյանի այցի մասին

Ֆինլանդիայի նախագահն ասել է, որ ուշիուշով հետևել են Հայաստանում տեղի ունեցած վերջին փոփոխություններին և ուրախ են իրավիճակի քաղաքակիրթ ու խաղաղ հանգուցալուծմամբ։

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո այդ փաստաթղթի շրջանակներում համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ։