ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Հայաստան ժամանած հանրահայտ երգիչ Էլթոն Ջոնն ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «աշխարհաքաղաքական» հարցեր են քննարկել Երևանում։ «Անկյուն» իտալական ռեստորանում ընթրելուց հետո նախագահը որոշ մանրամասներ պատմեց լրագրողներին։
«Քննարկում էինք, որ Հայաստանում հիանալի ուտելիք կա և երբ ենք Արարատը հետ բերելու»,- ժպտալով ասաց Սարգսյանը։
Լրագրողներին հետաքրքրեց, թե որն է երգչի հայաստանյան այցի նպատակը։
«Էլթոնը իմ բարեկամն է, պարոն Վաչե Մանուկյանի (բրիտանահայ գործարար և բարերար), Րաֆֆի Մանուկյանի (Գլենդելի նախկին քաղաքապետ) բարեկամը։ Նա այստեղ է եկել երեխաների համար բարեգործական ծրագրերով»,- ասաց նա։
Նախագահը կեսկատակ-կեսլուրջ ասաց, որ Էլթոնը ճաշակել է բոլոր ուտեստները։ Sputnik Արմենիայի հարցին, թե իտալական ռեստորանում հայկական ուտեստներ կայի՞ն, նախագահը ժպիտով պատասխանեց. «Վաղն էլ հայկականը կլինի»։
ՀՀ նախագահի խոսքով` աշխարհահռչակ երգիչը հավանաբար մյուս տարի համերգով կգա Հայաստան։
Նշենք, որ բրիտանացի երգիչը Հայաստան է ժամանել այսօր` մայիսի 26-ին։ Նա Հայաստան է եկել ամերիկյան «Սթարկի» (Starkey) ընկերության նախաձեռնած բարեգործական ծրագրի շրջանակում: Լսողական սարքեր արտադրող այս ընկերությունը վաղը` մայիսի 27-ին, միջոցառում է կազմակերպելու, որին մասնակցելու է նաև հանրահայտ երգիչը։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` Էլթոն Ջոնն այս ընկերությունը ֆինանսավորողներից մեկն է։