«Վերածնունդ» հուշահամալիրը կառուցվել է 1974-1979թթ.-ին։ Նախագծի հեղինակը Ռաֆայել Իսրայելյանն է։ Կառույցը եռախորան է։ Առաջին խորանը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, երկրորդը՝ Բաշ Ապարանի հերոսներին, երրորդը՝ Մեծ հայրենական պատերազմի զոհերին։ Հակառակ կողմից հուշահամալիրը հիշեցնում է Արագած քառագագաթ լեռը՝ որպես ապարանցիների ուժի և տոկունության խորհրդանիշ։
Քիչ հեռվում գեներալ Դրաստամատ Կանայանի (Դրո) գերեզմանն է։ Նա է եղել Բաշ Ապարանի հայկական ուժերի հրամանատարը և նրա հրամանատարությամբ է երկու անգամ հաջողվել հետ մղել թուրքական բանակի կանոնավոր զորքերին։ Գեներալ Դրոն մահացել է 1956թ-ին և հողին հանձնվել Բոստոնում։ Բայց 2000թ-ին նրա աճյունը տեղափոխվել է Հայաստան և մեծ շուքով վերահուղարկավորվել Ապարանի հուշահամալիրի մոտ։