Պետք էր սպասել, ԱԱԾ ղեկավարի հայտարարությունը հապճեպ էր. Բաղդասարյան

ՀՀԿ–ում համարում են, որ Ազգային անվտանգության ծառայությունը շտապում է հայտարարություններ անելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանի` կոռուպցիոն սխեմաների մասին հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, ուրբաթ խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության առաջնորդ Վահրամ Բաղդասարյանը։

ԱԱԾ-ն խոստացավ կոռուպցիոներների անուններ հրապարակել առաջիկայում

«Ազգային անվտանգության ծառայությունը շտապում է հայտարարություններ անելու համար, այդ հայտարարությունը ավելի ուշ պետք է աներ, որովհետև հայտարարությունն իրականությանը չէր համապատասխանում», — ասաց Բաղդասարյանը։

Բաղդասարյանը խուսափեց պարզաբանող հարցից, թե արդյոք Վանեցյանի հայտարարությունը ստահոդ է։ Նա նշեց, որ բերման ենթարկված մարդիկ կան, բայց պետք է նայել նախորդ կառավարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, դրա նախապատմությունը։

Դեռ մայիսի 19-ին ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ կոռումպացված ու ապօրինի հարստացածներն առաջիկայում պատասխանատվության կենթարկվեն: ԱԱԾ տնօրենը նաև խոստացել էր, որ այդ ուղղությամբ հստակ քայլերը կմեկնարկեն մայիսի 23-ից: