Սվիտալսկին դրական է խոսել Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԵՄ պատվիրակության ղեկավարին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Դեսպան Սվիտալսկին շնորհավորել է Մհեր Գրիգորյանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նշել, որ ակնկալում է նորանշանակ կառավարության հետ համատեղ սերտ աշխատանք՝ ՀՀ-ԵՄ համագործակցության առավել ընդլայնման և խորացման ուղղությամբ: ԵՄ պատվիրակության ղեկավարը նշել է, որ Հայաստանին տրամադրվող ԵՄ աջակցությունը 2018 թվականին ավելացել է մեկ քառորդով, ինչը վկայում է առաջիկայում ՀՀ-ԵՄ հարաբերությունների առավել ընդլայնման հեռանկարի ու հնարավորությունների մասին:

Вице-премьер Мгер Григорян встретился с главой делегации ЕС Петром Свитальски (25 мая 2018). Еревaн

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերն ու ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերը, մասնավորապես, մտքեր փոխանակել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությունը՝ ակնկալելով դրա հետևողական զարգացումը:

Դեսպան Պյոտր Սվիտալսկին դրական է խոսել Հայաստանի տնտեսական, դատաիրավական և մի շարք այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումների մասին՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել Հայաստանին երկրի համար կարևոր այս փուլում: