ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը հերքում է ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ազատ արձակման լուրը: «Արմենպրեսի» հետ զրույցում նա նշել է, որ Քրեական պալատն ընդամենը որոշում է կայացրել Սամվել Բաբյանի գործով բողոքները վարույթ ընդունելու մասին:
«Այդ որոշումը ստացել է նաև Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը: Որոշման մեջ խափանման միջոցի մասին խոսք չկա և չէր կարող լինել,որովհետև խափանման միջոցին կանդրադառնանք, երբ վերջնական բողոքների շրջանակում որոշում կայացնենք: Սա վարույթ ընդունելու մասին որոշում էր»,- ասաց Ավետիսյանը:
Նրա խոսքով` սույն գործով երեք բողոք է ստացվել և որոշում է կայացվել այդ երեք բողոքները վարույթ ընդունելու մասին:
«Երբ մենք նիստ անցկացնենք, կանդրադառնանք խափանման միջոցին»,- նշեց Ավետիսյանը:
Ըստ մեղադրանքի՝ նա նախնական համաձայնությամբ դրդել է մի խումբ անձանց ապօրինի կերպով ձեռք բերել «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր և այն փոխադրել Հայաստան:
Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու գործով 7 մեղադրյալ կար, որոնց վերաբերյալ դատարանը դատավճիռ կայացրեց 2017թ. նոյեմբերի 28-ին: Մեղադրյալները դատապարտվեցին 2-ից մինչև 6 տարվա ազատազրկման: