Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը վերաբերում է ոչ միայն Հայաստանին

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հետևում է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն ամենից առաջ իրենց ավանդ է ցեղասպանությունների կանխարգելման գործում։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Դա հարց է, որը վերաբերում է ոչ միայն մեզ։ Այն դրված է ամբողջ մարդկության առաջ և կարևոր ազդանշան է ցեղասպանությունների կանխարգելման գործում», – կարծում է ԱԳՆ ղեկավարը։

Արջի ծառայություն Հայաստանին, կամ ինչպես է Իսրայելը կրկին որպես թուր ճոճում հայկական հարցը

Մնացականյանը նշեց, որ նախարարությունը հետևում է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին։ Սակայն նա խուսափեց պատասխանել, թե Հայաստանն արդյո՞ք ինչ-որ սպասումներ ունի Քնեսեթում այդ հարցի քննարկումից։

ԱԳ ղեկավարը հիշեցրեց, որ երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը հանրապետության արտաքին քաղաքականության բաղադրիչներից է։

«Դուք լսեցիք, որ երկրի վարչապետը կրկին հաստատել է այդ նպատակի կարևորությունը», – ասել է Մնացականյանը։

Մայիսի 23–ին Իսրայելի խորհրդարանը քննարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ Դեբատների նախաձեռնողը Քնեսեթում «Մերեց» կուսակցությունը ներկայացնող Թամար Զանդբերգն է։

Պատգամավորները հետևյալ կերպ են քվեարկել` 16 «կողմ» ու 0 «դեմ» և դրանով հավանություն են տվել Հայոց ցեղասպանության հարցը պաշտոնապես օրակարգ մտցնելու Զանդբերգի առաջարկին։

Քննարկման ընթացքում Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնը նշել է, որ պետք է ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու խստորեն արտահայտվել այդ թեման շահարկող քաղաքական գործիչների մասին։