Իսրայելն իրեն կվնասի, եթե ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Թուրքիայի ԱԳՆ–ն զգուշացնում է

Թուրքիայի արտգործնախարարությունը արձագանքել է Իսրայելի Քնեսեթի` Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. Իսրայելն ինքն իրեն կվնասի, եթե ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը։

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը վերաբերում է ոչ միայն Հայաստանին

Թուրքիայի արտգործնախարարության կարծիքով` Իսրայելի նման որոշումն իբր կարող է վնասել Հոլոքոստի հատուկ կարգավիճակը։

«Կարծում ենք` Իսրայելը, որը 1915 թվականի իրադարձությունները հավասարեցնում է Հոլոքոստին, առաջին հերթին իրեն է վնասում», — ընդգծել է Աքսոյը։

Մայիսի 23-ին Իսրայելի խորհրդարանը քննարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ Քննարկման նախաձեռնողը «Մերեց» կուսակցությունը ներկայացնող Թամար Զանդբերգն էր։

Պատգամավորները 16 «կողմ» և 10 «դեմ» քվեներով հավանության են արժանացրել Հայոց ցեղասպանության հարցը պաշտոնապես օրակարգ մտցնելու առաջարկը։ Քննարկման ընթացքում Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնը նշել է, որ պետք է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն իր հերթին այսօր հայտարարել է, որ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը նախևառաջ ներդրում է ցեղասպանությունների կանխման գործում։

«Դա հարց է, որը վերաբերում է ոչ միայն մեզ։ Այն դրված է ամբողջ մարդկության առաջ և կարևոր ազդանշան է ցեղասպանությունների կանխարգելման գործում», — ասել է արտգործնախարարը։

Մնացականյանը նշել է, որ նախարարությունը հետևում է Իսրայելի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին։