Մխիթարյան. Էմերիի հետ «Արսենալի» խնդիրը 2 տարվա ընթացքում Չեմպիոնների լիգա վերադառնալն է

Հայ ֆուտբոլիստը պատմել է զինագործների և Արսեն Վենգերի հարաբերությունների մասին։ Մխիթարյանը խոսել է նաև Էմերիի հետ կապված հույսերի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. «Արսենալի» խնդիրը մոտակա երկու տարվա մեջ Չեմպիոնների լիգա վերադառնալն է։ Express բրիտանական պարբերականին տված հարցազրույցում այս մասին ասել է զինագործների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Նոր մարզչի` Ունայի Էմերիի հետ, նա դեռ չի հանդիպել։

«Մենք զրուցելու ժամանակ չենք ունեցել։ Սակայն նրա մասին մենք խոսել ենք թիմակիցների հետ։ Հուսով եմ` նա իր հետ մարտավարական նոր գաղափարներ կբերի։ Կարծում եմ` նրան կհաջողվի», — ասել է Մխիթարյանը։

Սակայն չի կարելի չընդունել, որ նոր մարզչի օրոք թիմն արդեն այլ է լինելու, ավելացրել է Մխիթարյանը։ Երբ Արսեն Վենգերը որոշեց հեռանալ թիմից, բոլորը տխրեցին` և՛ խաղացողները, և՛ ակումբի աշխատակիցները։ Բոլորն ափսոսում էին նրա ստեղծած անկրկնելի մթնոլորտի համար։

Անձնական Միկի. Մխիթարյանը զվարճալի տեսանյութ է հրապարակել

«Վենգերը թիմը ղեկավարում էր 22 տարի, և եթե նա ցանկանար ևս 10 տարի մնալ, ոչ ոք չէր առարկի», — ավելացրել է Մխիթարյանը։

Նա ավելացրել է, որ անցյալ տարի թիմն ուզում էր Չեմպիոնների լիգայում հայտնվել, բայց չկարողացավ։ Այդ պատճառով հաջորդ խաղաշրջանների ժամանակ պետք է կենտրոնացնել ողջ ջանքերը և երկու տարում վերադառնալ։

Հիշեցնենք, որ «Արսենալը» 2017-18 խաղաշրջանն ավարտեց 6-րդ հորիզոնականում և Եվրոպայի լիգայի խմբային փուլի ուղեգրի արժանացավ։

Ունայի Էմերին իսպանացի ֆուտբոլիստ է, ծագումով` բասկ, ավելի վաղ մարզել է «Վալենսիա» (3 մրցանակային տեղ Իսպանիայի առաջնությանը), «Սևիլիա» (ՈՒԵՖԱ 3 գավաթ անընդմեջ) և ՊՍԺ (որի հետ հաղթել է Ֆրանսիայի առաջնությունն ու երկու գավաթները) ակումբները։