«Պատմական իրադարձություն». Վրաստանի նախագահը` Սարգսյանի այցի մասին

Վրաստանը շահագրգռված է տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու հարցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին պատմական իրադարձություն է համարում ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի այցը Թբիլիսի։

Այս մասին Մարգվելաշվիլին ասել է հայ գործընկերոջ հետ երկկողմ հանդիպման ժամանակ, հայտնում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը։

«Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման կարևորությունը։ Վրաստանի առաջին դեմոկրատական հանրապետության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումներին Հայաստանի նախագահի մասնակցությունը Մարգվելաշվիլին պատմական է անվանել», — գրված է հաղորդագրության մեջ։

Վրաստանի վարչապետը շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահ Սարգսյանին. ինչո՞ւ

Մարգվելաշվիլին ընդգծել է, որ Վրաստանը շահագրգռված է տարածաշրջանի բոլոր երկրների հետ բարեկամական հարաբերությունների հաստատման հարցում։ Թբիլիսին հակամարտությունների լուծման հարցում հիմնվում է միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների վրա, հակամարտությունների խաղաղ կարգավորում է գերադասում։

«Վրաստանը ողջունում է Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների խորացումը», — իր խոսքը եզրափակել է Վրաստանի նախագահը։

Այսօր` մայիսի 25-ին, Արմեն Սարգսյանն իր արտասահմանյան առաջին այցն է կատարել ՀՀ նախագահի կարգավիճակում։ Նա արդեն հանդիպել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու հետ։ Կվիրիկաշվիլին ընդգծել է հայ-վրացական բազմադարյա, ամուր և բարեկամական հարաբերությունների կարևորությունն ու հույս հայտնել, որ տարբեր ոլորտներում համագործակցությունը նոր դինամիկա կստանա։

Սարգսյանի գլխավորած պատվիրակությանը Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում դիմավորել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Դավիթ Դոնդուան։