Վրաստանի վարչապետը շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահ Սարգսյանին. ինչո՞ւ

ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու հետ Թբիլիսիում քննարկել է հայ–վրացական հարաբերությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհակալություն հայտնեց երկրի համար այդքան կարևոր օրը Թբիլիսի այցելելու համար։ Facebook-ի պաշտոնական էջում այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։

Այսօր` մայիսի 25-ին, Արմեն Սարգսյանն իր արտասահմանյան առաջին այցն է կատարել ՀՀ նախագահի կարգավիճակում։ Նախագահի և նրա կնոջ` Նունե Սարգսյանի այցը նվիրված է Անկախության օրվա ու Վրաստանի առաջին դեմոկրատական հանրապետության հիմնադրման 100-ամյակի տոնակատարությանը։

«Կվիրիկաշվիլին շնորհավորել է Սարգսյանին նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և երախտագիտություն հայտնել Վրաստան այցելելու համար։ Վրաստանի վարչապետն ընդգծել է, որ եղբայրական Հայաստանը, ինչպես և Վրաստանը, նշելու է Առաջին հանրապետության հռչակման 100-ամյակը», — գրված է հաղորդագրության մեջ։

Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Կվիրիկաշվիլին ընդգծել է հայ-վրացական բազմադարյա, ամուր և բարեկամական հարաբերությունների կարևորությունն ու հույս հայտնել, որ տարբեր ոլորտներում համագործակցությունը նոր դինամիկա կստանա։

Президент Армении Армен Саркисян встретился с премьер-министром Грузии Георгием Квирикашвили (25 мая 2018). Тбилиси

«Ինձ համար մեծ պատիվ է այսօր գտնվել այստեղ և մեր եղբայրների հետ տոնել մեծ հաղթանակի 100-ամյակը», — ասել է Սարգսյանը։

Նա նաև առկա կապերը խորացնելու ցանկություն է հայտնել։

Հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են, որ երկու երկրների կայունությունը դրական կազդի տարածաշրջանի բարօրության վրա։

Այսօր նախատեսված է նաև Սարգսյանի և Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու հանդիպումը։

Президент Армении Армен Саркисян встретился с премьер-министром Грузии Георгием Квирикашвили (25 мая 2018). Тбилиси

Սարգսյանի գլխավորած պատվիրակությանը Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում դիմավորել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Դավիթ Դոնդուան։