Հայ ժողովրդի արտագաղթի հազարամյա անիվն ի վերջո պետք է կանգ առնի և ետ պտտվի. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծման օրից նեցուկ դարձավ Հայաստանի նորաստեղծ Հանրապետությանը: Այս մասին իրն ելույթում նշեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին մասնակցող վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

««Հայաստան» համահայկական հիմնադրամը դարձավ Հայաստանի Հանրապետության իշխանության նկատմամբ Սփյուռքի վստահության ցուցիչ: Հիմնադրամի գործունեությունը վերլուծելիս կարելի է շատ լուրջ ազդակներ ստանալ, թե ինչ պրոցեսներ են տեղի ունենում Սփյուռքում, ինչ մտահոգություններ են ի հայտ գալիս և այդ մտահոգությունների ինչպիսի լուծումներ կարող են լինել»,–ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ ՀՀ-Արցախ-սփյուռք եռամիասնության գրավական

Անդրադառնալով Հայաստանում ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած քաղաքական գործընթացներին` վարչապետը նշել է,որ դրանք համազգային համախմբման նոր ազդակ են դարձել, և ամեն ինչ պետք է անենք և վստահաբար կանենք՝ այդ համախմբման ազդակը կոնկրետ քաղաքական արդյունքի, մշտական քաղաքական գործոնի վերածելու համար:

«ՀՀ կառավարության առաջնահերթություններից կարևորագույնը ՀՀ քաղաքացիների և հայ ժողովրդի հաղթանակի զգացումը պահպանելն է, շարունակելն է և նրան մշտական բնույթ տալը:

Մեր երկրի մեծագույն քաղաքական խնդիրը եղել է քաղաքացիների կողմից իշխանություն ձևավորելու իրավունքի անձեռնմխելիությունը, որովհետև, կարծում եմ, որ մեր երկրում խնդիրները սկսել են խորանալ այն ժամանակներից, երբ հանրությունը լայնորեն սկսել է չվստահել ընտրությունների արդյունքներին և ամեն անգամ ընտրությունների արդյունքներով իրեն խաբված է զգացել: Եվ հետևաբար, մեր խնդիրն է, որ սրանից հետո Հայաստանում տեղի ունեցած ցանկացած ընտրությունների արդյունքներով իրեն հաղթանակած զգա ոչ այնքան այս կամ այն քաղաքական ուժը, այլ ընտրությունների որևէ արդյունքի պարագայում իրեն առաջին հերթին հաղթանակած զգա Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Եվ ես ուզում եմ ընդգծել, որ մեր կառավարության համար հաջորդ կարևոր առաջնահերթությունը պայքարն է կոռուպցիայի դեմ, սկսած ընտրական կոռուպցիայից և շարունակած պետական կառավարման, դատական կոռուպցիայով: Ուզում եմ ասել, որ մեր կառավարությունն արդեն իսկ կոնկրետ քայլեր է ձեռնարկել այս ուղղությամբ և ունի հաջողություններ: Այդ գործընթացը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև բոլորս համոզվենք, որ կոռուպցիան որպես համակարգային երևույթ արմատախիլ ենք արել Հայաստանի Հանրապետությունում:

1 / 3
ՀՀ վարչապետը մասնակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին
2 / 3
ՀՀ վարչապետը մասնակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին
3 / 3
ՀՀ վարչապետը մասնակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին

Եվ ի վերջո, մեր ամենակարևոր կոնցեպտուալ խնդիրը, հայեցակարգային խնդիրը, գաղափարական խնդիրը Հայաստանի Հանրապետության, եթե կարելի է ասել, որպես պետության կիրառական նշանակության մասին ձևակերպումն է: 1991 թվականին, երբ հիմնադրվեց Հայաստանի Հանրապետությունը և թվում էր, թե ամեն ինչ շատ լավ էր, կարծում եմ՝ մենք թույլ տվեցինք մի կարևոր հայեցակարգային բացթողում: Մենք հստակ չձևակերպեցինք, թե ինչի համար է հայ ժողովուրդը հիմնադրում Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն: Ես ուզում եմ հատուկ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանը Սահմանադրության բոլոր փոփոխությունների արդյունքում որևէ փոփոխություն չի կրել: Այսինքն` Սահմանադրության նախաբանը մնացել է նույնը, որպես Հայաստանի Հանրապետության հիմնադիր հանդես է գալիս հայ ժողովուրդը, ոչ թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ոչ թե Խորհրդային Հայաստանի քաղաքացիները, այլ հայ ժողովուրդը: Հետևաբար, Հայաստանի Հանրապետության շահառուն հայ ժողովուրդն է, և մենք պետք է պատասխանենք մի կարևոր հարցի՝ ինչի համար է հայ ժողովուրդը ստեղծել Հայաստանի Հանրապետությունը»,–ասաց ՀՀ վարչապետը:

Նրա համոզմամբ` Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովրդի կողմից ստեղծվել է հայության մարդկային, ֆինանսական, մտավոր, գիտական, տնտեսական, հոգևոր ներուժը կամ նրա զգալի մասը սեփական տարածքում կենտրոնացնելու և այդ ներուժի անվտանգությունն ու բնականոն զարգացումն ապահովելու համար:

«Կարծում ենք, որ այս գործընթացի միջնաժամկետ արդյունքը պետք է լինի հետևյալը. հայ ժողովրդի արտագաղթի հազարամյա անիվն ի վերջո պետք է կանգ առնի և ետ պտտվի, ու հայությունն ի վերջո պետք է սկսի մեծ գործընթաց՝ ապահովելու Հայաստանի Հանրապետությունում կենտրոնանալու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը որպես ինստիտուտ ունենալու և Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության անվտանգությունն ու բնականոն զարգացումը: Այսինքն, Հայաստանի Հանրապետությունը պետք է ապահովի հայ ժողովրդի անվտանգությունն ու բնականոն զարգացումը, հայ ժողովուրդը պետք է ապահովի Հայաստանի Հանրապետության անվտանգությունը և բնականոն զարգացումը: Եվ ուրեմն, մենք շարժվում ենք այդ ճանապարհով, մենք շարժվում ենք դեպի ազատ և երջանիկ Հայաստան, և մենք համոզված ենք, որ արդեն իսկ կարևոր անկյունաքարեր ենք դրել այդ շինության կառուցման ճանապարհին:

Մենք համոզված ենք, որ այս գործընթացն անշրջելի է և որ այս նպատակի ճանապարհին հայ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին հաղթել է: Այդ հաղթանակն անշրջելի է և այն դառնալու է շարունակական»,–ասել է Նիկոլ Փաշինյանը: