Արտահերթ ընտրությունների հարցում ՀՀԿ–ի հետ համաձայնությունը չի բացառվում. Մարուքյան

Մինչ արտահերթ ընտրություններն առաջնային է ընտրական օրենսգրքի փոփոխությունը, որի համար անհրաժեշտ է 63 ձայն, ասում է Էդմոն Մարուքյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. Արտահերթ ընտրությունների հարցում հնարավոր է ՀՀԿ-ի հետ համաձայնության գանք: Այս մասին, այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Խոսելով ընտրական օրենսգրքի փոփոխության մասին` Մարուքյանն ասաց, որ իրենք ներկայացրել են իրենց նախնական մոտեցումները, որոնք արդեն քննարկել էին խմբակցությունում:

Նիկոլ Փաշինյանը ընտրությունների կգնա դաշինքով. «Ժամանակ»

«Առաջնային է ռեյտինգային ընտրակարգը վերացնելը։ Նաև` ընտրողների ցուցակները դեռ մարքելու տեղ ունեն։ Երրորդը ընտրողների նույնականացման խնդիրն է, որը տեխնիկական միջոցներ, ֆինանսներ ու ժամանակ է պահանջում: Պետք է անդրադառնանք նաև քրեական օրենսգրքին՝ խստացնելով ընտրակեղծիքի համար պատիժները: Պետք է անդրադառնանք կուսակցությունների մասին օրենքին եւ այնպիսի մեխանիզմներ ներդնենք, որ Հայաստանում կուսակցության ֆինանսավորումը չլինի տաբու, չլինի ստվերային, միայն իշխանական կառույցները չֆինանսավորվեն, գործարարները կարողանան բաց թափանցիկ աջակցել այն ուժերին, որոնց ուզում են:Սա կբերի քաղաքական համակարգի առողջացման, կուսակցությունների ֆինանսական կայունության: Նաև կիմանանք, թե որ ուժերը, ինչ խմբերի շահեր են ներկայացնում»,-նշեց Էդմոն Մարուքյանը:

Աշնանը արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հարցին պատասխանելով` «Ելքի» պատգամավորն ընդգծեց, որ  մինչ այդ առաջնային է ստեղծել հնարավորություն ընտրական օրենսգիրքը փոխելու համար, իսկ դրա համար իրենց պետք է 63 ձայն: