Աշոտյանն առաջարկում է կառավարության ծրագրում ներառել ԵՄ–ի հետ համաձայնագրի դրույթները

Հայաստանի կրթության նախկին նախարար, այժմ հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյանն ասել է, թե ինչպիսին պետք է լինի կառավարության ծրագիրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. Հայաստանում ակնկալում են, որ Եվրամիությունը լիարժեք կվավերացնի Երևանի հետ համաձայնագիրը, ուրբաթ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ պատգամավոր, կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանը։

Նա հիշեցրեց, որ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հունիսի 1-ին և որոշ ժամանակ (մինչև ԵՄ բոլոր երկրների կողմից վավերացումը) կգործի անցումային դրույթներով։

«Դա կարևոր է ոչ միայն այն պատճառով, որ համաձայնագրի վերջին 20 տոկոսը կարող ենք իրագործել բացառապես Եվրախորհրդարանի կողմից վավերացնելուց հետո, այլ նաև նրա համար, որ այդ պայմանագրում ներառված քաղաքական ձևակերպումները (մասնավորապես` արցախյան հակամարտությանը վերաբերող) իրավաբանական ուժ ստանան», — նշեց Աշոտյանը։

Նա առաջարկեց կառավարության ծրագրում ներառել Հայաստան-ԵՄ համաձայնագրի հիմնական դրույթներն ու ուղղությունները, որպեսզի կառավարության ծրագիրը համադրելի լինի ԵՄ-ի առջև ստանձնած ԵՄ պարտավորությունների հետ։