ԱԱԾ-ի կողմից ավելի քան 20 մարդ բերման է ենթարկվել. «Ժողովուրդ»

«Ժողովրդի» տվյալներով ԱԱԾ-ի տնօրեն կողմից խոստացված կոռուպցիայի դեմ պայքարի 1–ին քայլերն արված են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. «Ժողովուրդ» թերթը գրում է. «Պանդորայի արկղը բացվեց։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ տեսանելի քայլեր է անում:

ԱԱԾ-ն խոստացավ կոռուպցիոներների անուններ հրապարակել առաջիկայում

Դեռ մայիսի 19-ին ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ առաջիկայում կոռումպացված ու ապօրինի հարստացածները պատասխանատվության կենթարկվեն: ԱԱԾ տնօրե­նը նաև խոստացել էր, որ այդ ուղղությամբ հստակ քայլերը կմեկնարկեն մայիսի 23-ից:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ արդեն կան բերման ենթարկվածներ, ընդ որում, նրանց թիվն անցնում է 20-ից: Ավելին՝ այդ անձինք հանդիսանում են խոշոր ընկերությունների աշխատակիցներ: Սակայն, ըստ մեզ հասած լուրերի, բերման ենթարկվածների թիվն այսքանով չի ավարտվի, քանի որ կծիկը գնալով շատանում է: Սակայն ԱԱԾ լրատվական ծառայությունից չմանրամասնեցին՝ կոնկրետ ովքեր են բերման ենթարկվածները»: