ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինին ուղերձ է հղել, որում հայտնել է, որ հրաժարվում է մասնակցել Սինգապուրում կայանալիք գագաթնաժողովին։ Սպիտակ տան մամուլի ծառայությունը հրապարակել է պաշտոնական նամակի տեքստը Twitter սոցիալական կայքի իր էջում։
Ամերիկայի նախագահն ուղերձում նշել է, որ կողմերը երկար են քննարկել ԱՄՆ–ի ու ԿԺԴՀ–ի առաջնորդների հանդիպումը, որը պետք է տեղի ունենար հունիսի 12–ին Սինգապուրում։
«Ցավոք, Ձեր վերջին հայտարարության մեջ առկա ուժեղ զայրույթն ու բացահայտ թշնամանքը ստիպում են մտածել, որ այժմ սխալ է վաղուց նախատեսված հանդիպումն ունենալ», – նշվում է նամակում։
Միաժամանակ, ԱՄՆ–ի նախագահը չի հրաժարվում ապագայում այդպիսի բանակցություններ անցկացնելու գաղափարից։
«Մի օր մենք կհանդիպենք։ Օգտվելով առիթից` ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել ամերիկացի գերիներին, որոնք հիմա տանն են գտնվում, ազատելու համար։ Դա գեղեցիկ ժեստ էր, որի համար մենք շատ շնորհակալ ենք», – նշեց Թրամփը։
Վերջերս կողմերը բազմիցս խոսել են Սինգապուրում գագաթնաժողովի չեղարկման հնարավորության մասին։ Մասնավորապես, մայիսի 15–ին Փհենյանը սպառնացել էր զորավարժությունների պատճառով հրաժարվել հանդիպումից։ ԿԺԴՀ–ի բացասական արձագանքի պատճառը Կորեական թերակղզում Max Thunder զորավարժություններն էին, որոնց մասնակցում էին ԱՄՆ–ի ու Հարվային Կորեայի զինվորականները։
Մայիսի 22–ին Թրամփը հայտնել է, որ Սինգապուրում նախատեսվող բանակցությունները կարող են չեղարկվել, քանի որ դրանց համար անհրաժեշտ պայմանները չեն կատարվել։