Հայաստան–Իրան երկաթուղու կառուցումը հնարավոր է, մնում է գումար գտնել

ՀՀ կառավարությունը չի հրաժարվել Իրանի ուղղությամբ երկաթուղի կառուցելու գաղափարից, բայց նախարարը խոստովանում է, որ իրական ներդրողներ չկան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը ՀՀ կառավարության օրակարգում է։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանը։

Վրաստանը զգոն է, կամ ե՞րբ Հայաստանը կազատվի Վերին Լարսի խնդրից

Միաժամանակ նա ավելացրեց, որ մեծ ներդրումներ են պետք, ու տեսանելի ապագայում այդ նախագիծը դժվար թե իրականություն դառնա։

«Մենք այդ հարցը քննարկենք։ Ամեն ինչ կախված է դոնորների դիրքորոշումից, երկրների պատրաստվածությունից», — ասաց նախարարը։

ՀՀ կառավարությունը 2014 թ.-ի օգոստոսի 7-ին հավանություն է տվել Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության նախնական ծրագրին։ Նախագծի արժեքը գնահատվում է 3,5 մլրդ դոլար։ Երկաթուղու երկարությունը կկազմի 300 կիլոմետր։ Երկաթուղու ենթակառուցվածքում կներառվեն 19,4 կիլոմետր երկարությամբ 64 կամուրջ, 102,3 կիլոմետր երկարության 60 թունել և 27 կայան։

Երկաթուղու նախագիծը մշակել է Չինաստանի շինարարության և հաղորդակցությունների միջազգային ընկերությունը (CCCC International)։ Նախագծով հետաքրքրվում են չինական բանկերը, որոնք պատրաստակամություն են հայտնել ֆինանսավորել ծրագրի 60 տոկոսը։

Սակայն իրական ներդրողների բացակայության պատճառով կառուցումը մինչև հիմա հարցականի տակ է։