«Սուպերգտածո»` հայկական սյուժեով. Ազովի հնագետները սենսացիոն բացահայտում են արել

Հին գավազանի վերևի մասում փորագրված տեսարանը բնորոշ է հայկական քարափորագրական արվեստին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Ազովի հնագետներն այս տարի հայտնաբերել են միջնադարի դեկորատիվ–կիրառական արվեստի բացառիկ նմուշ, հաղորդում է Rostov.ru–ն։

Հազվագյուտ առարկան, որը գիտնականներն արդեն անվանում են «2018թ–ի առաջին սուպերգտածո», իրենից ներկայացնում է գավազանի վերևի մասը։

Գավազանի դետալը պատրաստված է եղջյուրից, դրա ծայրին կարելի է տեսնել սյուժետային կոմպոզիցիա։ Միջնադարյան վարպետը փորագրել է տեսարան` արծիվը սուր ճիրաններով պահում է իր զոհին` ինչ-որ թռչունի։

Հայ դիցուհու անհավանական ճանապարհորդությունը. Անահիտին կարող է փրկել Տիգրան Մեծը

Գիտնականները հանգել են եզրակացության, որ աշխատանքը կատարել են պրոֆեսիոնալ արհեստավորները` ծավալային փորագրության տեխնիկայով։

«Դեկորատիվ արվեստում նման սյուժե բավական հազվադեպ է պատահում։ Ամենից հաճախ այն ներկայացված է միջնադարյան Հայաստանի քարափորագրական արվեստում», – ասել է Ազովի թանգարան–արգելոցի հնագիտության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Անդրեյ Մասլովսկին։

Նա հավելել է, որ հայկական սյուժենով նման գործեր հանդիպել են նաև Դաղստանի և Սուզդալի տարածքում։

Ազովի հնագետների համար միջնադարի դեկորատիվ–կիրառական արվեստի գլուխգործոց գտնելն իսկական սենսացիա է դարձել։

Շուտով նմուշն իր արժանի տեղ կզբաղեցնի Ազովի թանգարան–արգելոցում, և այն կարող են տեսնել բոլոր ցանկացողները։