ՌԱԴԻՈ

Մարգարյան. «Կոպիտ խախտումները կրկնելու դեպքում պետք է զրկել վարորդական իրավունքից»

Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում մեկնաբանել է ոստիկանության նոր նախաձեռնությունը, ըստ որի` կվերանայվեն վարչական տուգանքների մասին հազարավոր որոշումները։
Sputnik
Ատոմ Մարգարյան

Փորձագետը կարծում է, որ տեսախցիկների տեղադրումն ու տուգանքների չափն ի սկզբանե բոլորովին այլ նպատակներ ունեին. դրանք ուղղված էին քաղաքային, պետական բյուջեն համալրելուն և առանձին անձանց գրպանները լցնելուն։

Նրա խոսքով` եթե իշխանությունն իսկապես հետաքրքրված լիներ ՃՏՊ-ների թվի նվազեցումով, ապա պարզապես կկիրառեր խախտողներից վարորդական իրավունքները խլելու պրակտիկան։

«Եթե մարդը մի քանի անգամ կոպիտ խախտումներ է արել, առաջին անգամ զգուշացվել է, երկրորդ անգամ` տուգանվել, ապա երրորդ անգամ նրան պետք է վարորդական իրավունքից զրկել վեց ամսով, հետո` երկու տարով»,- նշեց Մարգարյանը։

Հիշեցնենք` Հայաստանի ոստիկանությունը հայտարարել էր, որ այս թվականի մայիսի 23-ից կվերանայվեն վարչական տուգանքների մասին հազարավոր որոշումները, որոնք ընդունվել են 2012 թվականի հունվարի 1-ից 2017 թվականի դեկտեմբերի 31-ը։ Այդ տուգանքները ընդհանուր առմամբ 13,7 միլիարդ դրամ են կազմում։