Ռուսաստանցի մասնագետը հայերին կսովորեցնի հրթիռակայաններից ճիշտ կրակել

Հայաստանում տեղակայված հակակարկտային հրթիռներն այլևս թեք չեն կրակի։ Հայաստան են ժամանել ՌԴ մասնագետները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Հայաստանում տեղադրված հակակարկտային հրթիռային համակարգերում առաջացած թերությունները շտկելու համար Հայաստան են ժամանել ռուսաստանցի մասնագետներ։ Հայտնում է ՀՀ ԱԻՆ–ը։

Ինչո՞ւ չեն կրակում հակակարկտային կայանները. հարյուր հազարի փոխարեն` միլիարդների վնաս

Նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է ռուսական «ԱՆՏԻԳՐԱԴ» ընկերության, Պոլիմերային նյութերի գիտահետազոտական ինստիտուտի և «Իրվիս» ընկերության առաջատար մասնագետներից կազմված պատվիրակությանը՝ ակադեմիկոս Մագոմեդ Աբաշևի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հակակարկտային հրթիռային պաշտպանության պիլոտային ծրագրի շրջանակներում Արմավիրի և Արագածոտնի մարզերում տեղադրված հրթիռային կայանների ու հրթիռների փորձարկման ընթացքում հայտնաբերված ֆունկցիոնալ թերությունների շտկման և հետագայում դրանցից խուսափելու միջոցառումները:

Փորձնական կրակոցների ընթացքում արձանագրվել են 15-17% շեղումներ:

Ռուս գիտնականները ՀՀ ԱԻՆ աշխատակիցների համար նաև վերապատրաստման դասընթացներ են անցկացնելու։

Արմավիրի և Արագածոտնի մարզերում տեղակայվել է ժամանակակից հակակարկտային հրթիռային 3 կայան: