ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը «Պարմա» սուպերմարկետների ցանցում ժամկետանց սննդամթերք է հայտնաբերել։
7.4 կգ և 283 տուփ ժամկետանց ապխտած ձուկը, մայոնեզը, բժշկական երշիկը, խոզապուխտն ու ձուն ոչնչացվել է։ Հայտնում է ՍԱՊԾ–ն։
Հայտնաբերված ապրանքը եղել է տեղական արտադրության և ներմուծված։
Հայտնաբերվել է նաև թերի մակնշմամբ 142.37 կգ և 2201 տուփ զովացուցիչ ըմպելիքներ, չորաձուկ, երշիկի տեսականի, գարեջուր, հալվա, բնական հյութ, կետչուպ, մսային կիսաֆաբրիկատ, պանրի տեսականի, շոկոլադե սալիկներ, շերտավոր խմոր, աղի սիսեռ, սոուս, տարբեր ապրանքանիշերի սուջուխներ, բաստուրմաներ, լորի ձու, հումուս, մարինադ, մեղր, քաղցր յոգուրտ, նրբերշիկ, ապուխտի տեսականի, պաղպաղակ, ըմպելի յոգուրտ, կարագ, համեմունք, բանջարեղենային պահածո, ձուկ, աղ, չաման, չիր, ձեթ, հաց, մանանեխ, իշլի քյուֆթա, պելմեններ, քացախ, թխվածքաբլիթ, օղի, կոնյակ, լիկյոր, ռոմ, վիսկի։
Դրանց իրացումը կասեցվել է մինչև մակնշման պահանջներին համապատասխանեցումը։
Հիշեցնենք, օրեր առաջ ժամկետանց ապրանքներ էին հայտնաբերվել նաև «Ծիրան» սուպերմարկետների ցանցում։