ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն առաջարկում է սոցիալական վճարի պարտադիր նորմը հետաձգել մեկ տարով՝ մինչև 2019թ հուլիսի 1-ը:
Այս մասին Թանդիլյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։
Մեկ տարին, նախարարի խոսքով, անհրաժեշտ է օրենքը լրամշակելու, համակարգի խնդիրները վեր հանելու և դրանց հիմնավոր, արդյունավետ և երկարաժամկետ լուծումներ տալու համար՝ ներգրավելով հասարակության լայն զանգվածներին, համակարգի շահառուներին՝ հաշվի առնելով նաև նրանց կարծիքը:
«Նոր կառավարությունը զերծ է մնալու նախորդ կառավարությունների արատավոր աշխատաոճից, երբ օրենքներում պարբերաբար կատարվում են փոփոխություններ և լրացումներ, որոնց մի մասը բավականին մեծ արագությամբ: Այս ամենը միշտ խորացրել է անվստահության մթնոլորտը, որը առկա է նաև կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ: Մի քանի հարյուր հազար քաղաքացիներին վերաբերվող օրենքը պետք է լինի այնպիսին, որ ապահովի երկարաժամկետ վստահությունը: Ոչ միայն սոցիալական վճարումը, այլ նաև ՀՀ քաղաքացու կողմից վճարվող յուրաքանչյուր դրամի արդյունավետ օգտագործման նկատմամբ վստահությունը պետք է դառնա նոր կառավարության գլխավոր առաքելություններից մեկը»,– գրում է Թանդիլյանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ապագա քննարկումների ժամանակ իր լիազորությունների շրջանակներում կներկայացնի առաջարկներ, որոնց մասին նախարարը խոստանում է լրացուցիչ տեղեկացնել: