Թորոսյան. «Դեղերի գները կիջնեն, բժիշկները արժանապատիվ կվարձատրվեն»

Դեղերը կէժանանան, բժիշկները կվարձատրվեն, ծխելու արգելքն էլ կվերանայվի։ Առողջապահության նախարարը երկու ամիս ժամանակ է խնդրում։
Sputnik
Արսեն Թորոսյան

Կառավարությունն աշխատանքներ է տանում դեղերի ներմուծման մենաշնորհը վերացնելու ուղղությամբ։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Նոր կարգ ենք ընդունում դեղերի զուգահեռ ներմուծման կարգի վերաբերյալ, որպեսզի միայն մի ընկերությունը չկարողանա այն ներմուծել», — ասաց նախարարը։

Միաժամանակ կպարզեցվեն նաև դեղերի գրանցման ընթացակարգերը։ Թորոսյանի խոսքով` պետությունն իր վրա կվերցնի այն դեղերի գրանցումը, որոնք անհրաժեշտ են, բայց շահութաբեր չեն, հետևաբար ներկրողները դրանք գրանցելուց խուսափում են:

Թորոսյանը նշեց, որ կառավարությունն աշխատում է նաև բարձրացնել բուժաշխատողների աշխատավարձերը, առաջին հերթին` պոլիկլինիկաների անձնակազմինը։

«Այդ որոշումներին կհանգենք այն ժամանակ, երբ բոլոր անարդյունավետ ծախսած փողերը կհավաքվեն: Դա կլինի 1-2 ամսվա մեջ: Մենք ծրագիր առ ծրագիր գնում ենք, հիմա մի քանի տեղ ստուգումներ ենք սկսել, երբ հետ բերված գումարը ունենաք, կսկսենք գումարը ծախսել այդ ուղղությամբ», — ասաց նախարարը:

Թորոսյանը խոստացավ` ոլորտում կվերանայվի այն ամենը, ինչը հուզում է հասարակությանը` տուգանքների չափերից մինչև հանրային վայրերում ծխելու արգելք։