ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Արտահերթ ընտրությունների հարցը պետք է քննարկի Ազգային ժողովը, իսկ դրա անհրաժեշտությունը պետք է որոշի հայ ժողովուրդը։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Եթե այդպիսի որոշում ընդունվի, ապա նախագահի պարտականությունն է ապահովել, որ դրանք լինեն թափանցիկ ու արդարացի»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Հայաստանում քաղաքական բանտարկյալներին, նախագահը հայտարարեց, որ իր դիրքորոշումը հստակ է` Հայաստանում քաղբանտարկյալներ չպետք է լինեն։
«Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի քանի կազմակերպություններից ստացել ենք որոշակի փաստաթղթեր: Այդ փաստաթղթերն առաջիկայում կուղարկենք համապատասխան նախարարություններին, և եթե Սահմանադրութունը լավ կարդացել եք, պետք է սպասենք, մինչև ՀՀ վարչապետն ու կառավարությունը որոշում կայացնեն»,- ասաց նախագահը։
Իսկ ՀՀ նախագահը իր անձնական կարծիքը չցանկացավ հայտնել, բայց խոստացավ` եթե որևէ տեղ իրեն գտնեն` որպես ՀՀ քաղաքացի, այդ հարցի վերաբերյալ անձնական տեսակետը կհայտնի։
«Եթե դադարեմ նախագահ լինել, ինչ ուզեք, կասեմ»,- ասաց նա։
Սարգսյանն ավելացրեց, որ հիմա «ստիպված է խոսել բացառապես ի պաշտոնե»։