Արմեն Գրիգորյանն Աստանայում մասնակցում է ՀԱՊԿ երկրների ԱԽ քարտուղարների հանդիպմանը

Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը գործընկերների հետ կուսումնասիրի անվտանգությանն ու ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպումը մեկնարկել է հինգշաբթի Ղազախստանի մայրաքաղաքում, Հայաստանը ներկայացնում է Արմեն Գրիգորյանը։

«13 հարց է ուսումնասիրվելու, որոնցից հիմնականը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում հավաքական անվտանգությանն ուղղված մարտահրավերներն ու սպառնալիքներն են։ Կքննարկվի նաև միջազգային ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը հակազդելուն ուղղված լրացուցիչ միջոցների հարցը», — հայտնել է Ռուսաստանի ԱԽ-ի մամուլի քարտուղար Եվգենի Անոշինը։

Նախատեսվում է նաև քննարկել հարցեր` կապված ՀԱՊԿ անդամ երկրների համակարգված տեղեկատվական քաղաքականության զարգացման, 2019 թվականին կառավարման մարմինների, ուժերի և հավաքական անվտանգության համակարգերի միջոցների համատեղ նախապատրաստման հետ։

«Ակնկալվում է, որ կողմերը ՀԱՊԿ պետությունների համար զինվորական կադրերի նախապատրաստման պլան կստորագրեն։ Առանձին ուշադրություն կդարձվի մինչև 2025 թվականը հավաքական անվտանգության ռազմավարության իրականացման ծրագրի իրականացմանը, որում ներառված է ՀԱՊԿ ձևաչափում ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների միասնական ցուցակ կազմելու հարցը», — ավելացրել է Անոշինը։

Նորանշանակ արտգործնախարարն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հանդիպեցին, ինչի՞ մասին խոսեցին

Ղազախստանի ԱԽ քարտուղար Նուրլան Երմեկբաևը միջոցառման բացման ժամանակ հիշեցրել է, որ նիստն անցնում է ՀԱՊԿ-ում Ղազախստանի նախագահության շրջանում։

«Մեր այսօրվա հանդիպման կարևորությունը պայմանավորված է միջազգային իրավիճակի բարդացման և կոնֆլիկտային ներուժի աճի, աշխարհի տարբեր տարածաշրջաններում իրավիճակի ապակայունացման պայմաններում հավաքական անվտանգության ապահովման ոլորտում փոխգործակցության մակարդակի բարձրացման անհրաժեշտությամբ», — նշել է Երմեկբաևը։

Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեն ՀԱՊԿ-ի խորհրդատվական և գործադիր մարմինն է, որը զբաղվում է անդամ պետությունների ազգային անվտանգության ապահովման ոլորտում փոխգործակցության համակարգման հարցերով։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին Ազգային անվտանգության խորհրդի կազմին ներկայացրել է նոր քարտուղար Արմեն Գրիգորյանին։

ՀԱՊԿ-ը ստեղծվել է 2002թ.-ին, այժմ կազմակերպության կազմում վեց պետություն է ընդգրկված` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։ ՀՀ-ն ՀԱՊԿ-ի պայմանագիրը ստորագրել է 1992 թվականի մայիսի 15-ին Տաշքենդում։