«Վեոլիա ջուրը» տուգանվեց 5 մլն դրամով. ի՞նչ խախտումներ են բացահայտվել

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը խախտումներ է հայտնաբերել «Վեոլիա ջուր» ընկերության աշխատանքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է 5 մլն դրամով տուգանել «Վեոլիա ջուր» ընկերությանը։ Որոշումը կայացվել է հանձնաժողովի այսօրվա նիստում։ Այս մասին հայտնում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը։

Պետական մարմինը պարզել է, որ ընկերությունը մի շարք բաժանորդների ծառայություններ է մատուցել հաստատված կանոնների խախտմամբ` արդյունքում սահմանվածից ավելի գումարներ գանձելով նրանցից։

Տուգանելուց բացի, հանձնաժողովը «Վեոլիա ջուր» ընկերությանը հանձնարարել է 2-ամսյա ժամկետում վերահաշվարկ իրականացնել ու վերադարձնել բաժանորդներից գանձված չհիմնավորված գումարները։

Բացի այդ «Վեոլիա ջուրը» պարտավոր է նաև ուսումնասիրել խախտումների բոլոր դեպքերն ու բաժանորդներին վճարել համապատասխան տուժանքներ։

Որպեսզի հանրապետության բնակիչները նախկին սակագնով ջուր ստանան, պետությունը թանկացումն իր վրա կվերցնի և կփոխհատուցի այն։

«Վեոլիա ջուրը» ֆրանսիական Veolia Eau – Compagnie Generale des Eaux–ի դուստր ձեռնարկությունն է։ 2017 թվականից ընկերությունը հանրապետությունում սպասարկում է ավելի քան 400 բնակավայր, այդ թվում գրեթե բոլոր քաղաքները։

Նշենք, որ արդեն հաստատված գրաֆիկով, ջուրը կթանկանա մինչև 2023 թվականը։ Ում և ինչպես են օգնելու (սոցիալապես անապահովներին, թե բոլորին)` իշխանությունը դեռ չի որոշել։