ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի— Sputnik.Վաղ թե ուշ Փաշինյանը ստիպված է լինելու զոհաբերել իր խելահեղ վարկանիշը և կայացնել այնպիսի որոշումներ, որոնք կօգնեն երկիրը դուրս բերել ճահճից։ Այս մասին Sputnik ռադիոյի եթերում հայտնեց Comedy Club–ի հիմնադիրներից մեկը` պրոդյուսեր Արտաշես Սարգսյանը։
Նա համոզված է, որ երկրում կուտակված բազմաթիվ խնդիրների լուծումը տիտանական աշխատանք է պահանջում։
Պրոդյուսերն ընդգծեց, որ իշխանության և քաղաքացիների փոխհարաբերությունները փոխվել են Փաշինյանի կառավարման առաջին իսկ օրվանից։
Սարգսյանը Փաշինյանին ոչ միայն խելացի և գաղափարական, այլև անշահախնդիր մարդ է համարում։
«Թավշյա հեղափոխության» մասին խոսելիս Տաշը նշեց, որ Հայաստանում բողոքի ցույցերի հիմնական կատալիզատորը սովորական սուտն էր. Սերժ Սարգսյանը խոստանում էր, որ սահմանադրական բարեփոխումներից և նախագահի պաշտոնում երկու ժամկետ գտնվելուց հետո նա չի զբաղեցնի կառավարության ղեկավարի պաշտոնը, սակայն խոստումը չկատարեց։
Ճիշտ է՝ ՀՀԿ–ն հաղթեց խորհրդարանական ընտրություններում, սակայն դրան հասավ իշխանության բոլոր ինստիտուտների հանդեպ համընդհանուր հիասթափության ֆոնին` քաղաքական և ֆինանսական լծակներն օգտագործելով, կարծում է պրոդյուսերը։
Նա չբացառեց, որ եթե Սարգսյանը չցանկանար վարչապետ դառնալ, և վարչապետ դառնար Կարեն Կարապետյանը, ապա հանրապետականները առաջ կանցնեին։
Գնահատելով երկրում առկա տնտեսական վիճակը, Սարգսյանն այն աղետալի անվանեց։ Նա նշեց, որ երկար տարիներ մարդիկ պարզապես հեռանում էին երկրից։ Բոլոր ոլորտները բաշխված էին մենաշնորհների, որոնք բաժանվում էին իշխանությանը մոտ և նրա նկատմամբ լոյալ լինելու սկզբունքով, պարզաբանեց Սարգսյանը։
Հայտնի պրոդյուսերն ավելացրեց` Փաշինյանի առաջին հայտարարություններից մեկն այն էր, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ներկրել ցանկացած ապրանք, ինչպես նաև հրահանգեց փոփոխել մաքսային ծառայությունների աշխատանքը։
«Այսինքն նոր վարչապետի պաշտոնավարման առաջին իսկ օրերին փոխվեցին իշխանության և քաղաքացիների փոխհարաբերությունները», – նշեց Սարգսյանը։
Մեկնաբանելով այն տեսակետը, որի համաձայն իշխանությունը փողոցում փոխել չի կարելի՝ պրոդյուսերն ասաց, որ Սերժ Սարգսյանն ինքն է ընդունել իր սխալը. նա հասկացավ, որ փողոց է դուրս եկել ոչ թե հասարակության ինչ–որ մի մաս, այլ որ ցուցարարներն արտահայտում են ամբողջ երկրի կարծիքը։
«Նա հասկացավ, որ սա արդեն համակարգային բեկում է, որ դա իսկապես ամբողջ երկրի կարծիքն է։ Ոչ թե մի խումբ ընկերներ են դուրս եկել, այլ իսկապես դանակը ոսկորին է հասել, կուտակվել է. համակարգը կոտրվել է», – նշեց Սարգսյանը։
Նա ընդգծեց, որ Ռուսաստանն ունի բոլոր հնարավորություններն իր դիրքերը Հայաստանում ամրապնդելու համար։ Հայերի լոյալությունը Ռուսաստանի և ռուսների նկատմամբ բավական բարձր է և անհրաժեշտ է պահպանել դա ու բազմապատկել, կարծում է Սարգսյանը։
Ռուսաստանում բավական հաջողակ հայկական համայնք կա, որը Հայաստանի կյանքում լուրջ դեր է խաղում։ Համապատասխան աշխատանք պետք է տանի նաև դեսպանատունը, կարծում է պրոդյուսերը։
«Հայաստանի գոյությունն առանց Ռուսաստանի չեմ պատկերացնում», – ընդգծեց նա։
Ըստ Արտաշես Սարգսյանի` Նիկոլ Փաշինյանը անմիջապես հասկացրեց, որ ինքը մեծամասնության կարծիքն է ներկայացնում. Ռուսաստանի և Հայաստանի բարեկամությունը հավիտյան է։
Այլ բան է, որ մի շարք խնդիրներ կան, որոնք քննարկումներ և երկխոսություն են պահանջում։ Օրինակ՝ Ադրբեջանին սպառազինություն մատակարարելու հարցը։
«Բայց դրանք գործընկերային երկխոսության հարցեր են, փոխհարաբերությունների և երկխոսության հարցեր։ Ընդհանուր առմամբ, այլ տարբերակ լինել չի կարող», – համոզված է Սարգսյանը։