Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում չբացահայտեց հայ–ռուսական ռազմական գաղտնիքը

Վարչապետն ընդգծեց` ռուս գործընկերների հետ փոխադարձ վստահությունը միայն ամրապնդվելու է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև փոխադարձ վստահություն է ձևավորվում, որը ժամանակի ընթացքում միայն ամրանալու է։ Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով ՀՀԿ պատգամավոր Միհրան Պողոսյանի հարցին։

ՏՈՌ–ն ընդդեմ ալիևյան հրթիռների. ինչո՞ւ Բաքվին ձեռնտու չէր շահարկված խաղաքարտը

Պատգամավորը խնդրեց պարզաբանել` արդյո՞ք ճիշտ են ռուսական «Տոռ» հակաօդային պաշտպանության համալիրներ գնելու տեղեկությունները, և արդյո՞ք գնումն իրականացվում է նախորդ կառավարության օրոք ստորագրված ռուսական պաշտպանական վարկով։

Փաշինյանը հիշեցրեց, որ հարցի շատ ուղիղ պատասխանը պարունակում է պետական և ռազմական գաղտնիք:

«Սահմանված կարգով ԱԺ-ի առաջին բաժնում կա պատգամավորների կողմից ապրանքային վարկի շրջանակներում մատակարարվող զենքի-զինամթերքի ցուցակի ծանոթացման կարգ և հուսով եմ, որ դուք չեք ակնկալում, որ հիմա բաց ընթացակարգով այդ հարցերը կքննարկեն»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ Սոչի կատարած այցի ընթացքում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում խոսել են հայ-ռուսական հարաբերությունների հետագա խորացման զարգացման մասին բոլոր ուղղություններով, այդ թվում՝ ռազմատեխնիկական համագործակցության։

Փաշինյանը հույս ունի, որ այդ համագործակցությունն ավելի արդյունավետ կդառնա։