Երևանում տղամարդը գողություն է անում ավտոմեքենայի սրահից. տեսանյութ

Քննչական կոմիտեն խնդրում է, տղամարդուն ճանաչողները դիմեն Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ավտոմեքենայի սրահից լամպեր հափշտակած անձի ինքնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

2018թ. ապրիլի 5-ին հաղորդում է ստացվել, որ ապրիլի 4-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, օգտվելով Երևանի կենտրոնում կայանված «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի դուռը բաց լինելու հանգամանքից, սրահից հափշտակել է մեծ տուփ, որի մեջ եղել են «Ֆիլիպս» մոդելի լամպեր (182 հատ):

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրի մոտակայքում տեղակայված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսանյութի մեջ երևում է, թե ինչպես է մի տղամարդ տուփը ձեռքին հեռանում:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։

Քննչական կոմիտեն խնդրում է նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: