Հայաստանում հենց վարորդներ էին վճարում արագաչափերի համար

ՀՀ ոստիկանությունը խոսել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտած անձանց տուգանքները չեղարկելու մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Ճանապարհային երթևեկության խախտումները չեղարկվելու են անկախ դրանց քանակից։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասացին ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանն ու Ճանապարհային ոստիկանության իրավական բաժնի պետ Արման Չիլինգարյանը։

ՀՀ ոստիկանությունը որոշ խախտումների դեպքում վարորդներին կազատի պատասխանատվությունից

Տուգանքների համաներման ակտը դեռ նախագծի տեսքով է, վերջնական տեքստ չկա, հարցադրումը դեռ առաջարկությունների հարթությունում է։ Այնուամենայնիվ, նախատեսվում է չեղարկել բոլոր տուգանքները, անկախ նրանից, թե վարորդը հինգ տարվա ընթացքում 1 խախտում է կատարել, թե 100։

Դա վերաբերում է նաև արտասահմանցիներին։

ՀՀ ոստիկանությունը լիահույս է, որ վարչական պատասխանատվության ոլորտում քաղաքականության փոփոխությունը կբարձրացնի մեր վարորդների պատասխանատվությունն ու օրինավորության մակարդակը, ինչի արդյունքում Ճանապարհային ոստիկանությունն այլևս հարկադրված չի լինի կրկին ուժեղացնել երթևեկության անվտանգության նկատմամբ հսկողությունը:

Ոստիկանության տվյալներով` 2017 թվականին Հայաստանում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար վճարված տուգանքների ընդհանուր ծավալը մոտ 9 մլրդ դրամ է (18,7 մլն դոլար) կազմել։ Ոստիկանությունում վստահեցրել են, որ բոլոր այն տարիների ընթացքում, երբ Հայաստանի ճանապարհներին գործում են վերահսկման տեխնիկական միջոցները, բոլոր վճարված տուգանքների գումարները Հայաստանի ոստիկանության արտաբյուջետային ֆոնդ էին ուղղվում։

«Այդ գումարներով էին իրականացվում ծառայությունները, այդ թվում` արագաչափերի տեխնիկական սպասարկումը», — նշեց Չիլինգարյանը։

Նշենք, որ արագաչափերը Հայաստանում առաջին անգամ տեղադրվել են 2012 թվականին։