Բավականին բարդ գործընթաց է. նախարարը` Իրանից գազ ներկրելու մասին

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախար Արթուր Գրիգորյանն ԱԺ–ում պատասխանել է Հայաստան հասնող գազի ու ատոմակայանի աշխատանքի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 Մայիս — Sputnik. Ռուսաստանի փոխարեն Իրանից ավելի մատչելի գազ գնելու հարց ՀՀ նոր կառավարությունում չի քննարկվում: Այս մասին այսօր ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում ասաց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախար Արթուր Գրիգորյանը։

«Բավականին բարդ գործընթաց է, մենք ամբողջովին պետք է հասկանանք իրավիճակը, որ այս առումով կարողանանք ճիշտ որոշում կայացնել: Իհարկե, պետք է կարողանանք քննարկել նաև այս հարցը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հայկական ատոմակայանին, Արթուր Գրիգորյանը վստահեցրեց, որ դրա փակումից հետո այլ ռեսուրսներ կան, որոնցով կոմպենսացվելու է արտադրվող էլեկտրաէներգիայի պակասը: Դրանցից մեկը Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկն է, երկրորդը` Վրաստանից Հայաստան ներկրվող հոսանքը:

Գրիգորյանը նշեց նաև, որ նոր ատոմակայանի կառուցման հարց այս պահին չի քննարկվում:

Նշենք, որ Հայաստանը Ռուսաստանից գազը ստանում է 150 դրամով 1000 խորանարդ մետրի համար։ Տնային տնտեսությունները ստանում են այն 290 դոլարով (139 հազար դրամ), սոցիալապես անապահով խաղը` 208 դոլարով (100 հազար դրամ)։ Ինչ վերաբերում է բիզնեսին, ապա այստեղ սակագինը պայմանավորված է դոլարի փոխարժեքով, այսինքն` այստեղ «Գազպրոմը» ապահովագրում է իր շահույթն արժութային ռիսկերից։ Խոշոր սպառողները գազը ստանում են 242 դոլարով, իսկ գյուղատնտեսական ձեռնարկությունները` 212։