Եթե բանը հասնի Մարգարյանի հրաժարականին, կմտածեմ քաղաքապետ դառնալու մասին. Ալեն Սիմոնյան

ՀՀԿ–ն շարունակում է մեծամասնություն մնալ Երևանի ավագանիում, սակայն այնտեղ կուսակցությունը ներկայացնում են հայտնի հասարակական և մշակութային գործիչներ, որոնք միշտ չէ, որ նվիրված են ՀՀԿ–ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Եթե բանը հասնի Տարոն Մարգարյանի հրաժարականին, կարելի է մտածել Երևանի քաղաքապետի պաշտոնի մասին։ Այդ մասին խորհրդարանում լրագրողներին ասաց «Ելք» դաշինքի նոր պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը։

Երեկ նա պաշտոնապես ընդունել է պատգամավորի մանդատը, բայց արդեն այսօր խորհրդարանի խոսնակին դիմում է ներկայացրել հրաժարականի մասին։

Ո՞րն է Ալեն Սիմոնյանի նպատակը, ինչո՞ւ է նա վայր դրել պատգամավորի մանդատը. «Ժողովուրդ»

Նրա խոսքով` նույնիսկ կառավարության փոփոխությունից հետո մայրաքաղաքի իշխանությունները որոշ «գործեր» ցանկանում են «արագ ավարտել»։ Սիմոնյանը չպարզաբանեց, թե ինչ նկատի ունի, բայց հավելեց, որ իրեն շատ բան է հայտնի։

ՀՀԿ–ն մեծամասնություն է կազմում Երևանի ավագանում։ Բայց այնտեղ կուսակցությունը ներկայացնում են հայտնի հասարակական և մշակութային գործիչները, որոնք միշտ չէ, որ նվիրված են կուսակցությանը, նշեց Սիմոնյանը։

«Այնուամենայնիվ, ես ոչ մեկի հետ այդ թեմայով բանակցություններ չեմ վարել», – ասաց նա։

Ակնհայտ է, որ հասարակությունը ՀՀԿ–ին չի ուզում տեսնել ոչ միայն հանրապետության, այլ նաև քաղաքային իշխանությունում, բայց Ալեն Սիմոնյանը չասաց, թե ինչպես կարելի է հասնել քաղաքային իշխանության արտահերթ ընտրությունների։