Ոսկու հանքավայրի հետ կապ ունեցել է. Սարգսյանը չի հերքում

ՀՀ նախագահն այսօր Ամուլսարի ոսկու հանքավայրի դեմ բողոքող ցուցարարների հետ հանդիպման ժամանակ ասաց, թե ինքն ինչ կապ ունի հանքի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Ամուլսարի հանքավայրի հետ առնչություն ունեցել է, բայց դա եղել է 5 տարի առաջ։ Այսօր ոսկու հանքավայրի դեմ բողոքող ցուցարարների հետ հանդիպման ժամանակ ասաց նախագահը։

Արմեն Սարգսյանը քոչարի է պարել ցուցարարների հետ

««Լիդիանը» Կանադայում գրանցված ընկերություն է, որի բաժնետերերը միջազգային ինստիտուտներ են, ու, բնականաբար, դժվար չէ նրանց մասին տեղեկություններ գտնել համացանցում,- ասաց նախագահը,- 5 տարի առաջ ես եղել եմ անկախ տնօրենների խորհրդի անդամ, ընդամենը մի քանի ամիս»։

Սարգսյանը հիշեցրեց, որ այդ ժամանակահատվածում Ամուլսարի հանքի և կառավարության մեջ մեծ լարում կար, որը կարող էր հանգել մեծ դատական պրոցեսի։

«Լինելով տնօրենների խորհրդի անդամ` ինձ տրամադրել են բոլոր փաստաթղթերը, ես իմ կարծիքը հայտնել եմ տնօրենների խորհրդի նախագահին և տնօրեններին, մարդկանց, որոնք ինչ-որ կերպ ներգրավված էին, ու դրանից հետո հրաժարվել եմ իմ պաշտոնից»,- ասաց նա։

Իսկ թե ինչ կարծիք է հայտնել, Արմեն Սարգսյանը չբացահայտեց` նշելով, որ տնօրենների խորհրդի անդամ լինելով` գաղտնիքը չբացահայտելու մասին փաստաթուղթ է ստորագրել։

«Բայց որպես նախագահ և որպես քաղաքացի ես ձեզ հետ եմ, որովհետև չկա այնպիսի բան, որ ինձ համոզի, թե մենք կարող ենք ինչ-որ հաջողության հասնել մեր երկիրը փչացնելով»,- ասաց նա` վստահեցնելով, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ իր ընտանիքի անդամներից որևէ մեկը մեկ դրամի շահույթ անգամ Ամուլսարից չեն ստանում։

Իսկ փաստը, որ ինքը ժամանակին ինչ-որ մասնակցություն է ունեցել հանքշահագործող ընկերության գործունեությանը, Սարգսյանի խոսքով, պարտավորեցնող է, ու ստիպում է ավելի ուշադիր լինել հատկապես այս հանքի գործունեության նկատմամբ։

Նա ցուցարարներից վերցրեց Ամուլսարի հանքի վերաբերյալ նրանց բերած նամակը և խոստացավ ուսումնասիրել դրանում ներկայացված փաստերը։

Մինչ հրաժեշտ տալը, ինչպես արդեն հայտնել ենք, նախագահ Սարգսյանը ցուցարարների հետ քոչարի պարեց։

Մամուլում հրապարակված և բնապահպան ակտիվիստների տարածած տեղեկությունների համաձայն` Արմեն Սարգսյանը Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագիրն իրականացնող «Լիդիան Արմենիայի» խոշոր բաժնետերերից է: