Ո՞րն է Ալեն Սիմոնյանի նպատակը, ինչո՞ւ է նա վայր դրել պատգամավորի մանդատը. «Ժողովուրդ»

Ալեն Սիմոնյանը տրամաբանական էր համարել, որ այս ֆոնին Տարոն Մարգարյանը ևս պետք է հրաժարական տա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. «Ժողովուրդը» գրում է. «Կարծես թե արդեն ուրվագծվում է, որ թավշյա հեղափոխության շրջանակներում առաջիկայում իր պաշտոնին հրաժեշտ կտա նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Բանն այն է, որ երեկ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը վայր դրեց պատգամավորական մանդատը: Նա ասել է, որ շարունակելու է աշխատել Երևանի ավագանիում: 

Ակնհայտ է, որ Սիմոնյանը պատգամավորական մանդատից հրաժարվել է ոչ այնքան ավագանիում աշխատելու, այլ շատ ավելի հեռահար նպատակով` Մարգարյանի հրաժարականից հետո զբաղեցնել քաղաքապետի պաշտոնը: Ի դեպ, Սիմոնյանը երեկ լրագրողների հետ զրույցում ևս չէր բացառել այդ հնարավորությունը:

Ալեն Սիմոնյանը Երևանի հաջորդ քաղաքապե՞տ. նա հրաժարվել է պատգամավորի մանդատից

«Ես որևէ հավակնությունների մասին չեմ կարող ասել, ես կարող եմ ասել, որ ժամանակին, երբ «Ելքը» մասնակցել է Երևանի ավագանու ընտրություններին, ես եղել եմ քաղաքապետի թեկնածուներից մեկը, և, այո, եթե կուսակցությունը որոշի նման պատասխանատվություն ինձ վրա դնել, ես միգուցե համաձայնեմ», — ասել էր նա:

Նա նաև տրամաբանական էր համարել, որ այս ֆոնին Տարոն Մարգարյանը ևս պետք է հրաժարական տա: Նշենք, որ խոսելով Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասել էր, «Երբ ես նման հորդոր հնչեցնեմ, Տարոն Մարգարյանը կհետևի այդ հորդորին»:

Մինչ այդ նկատենք՝ Ալեն Սիմոնյանի մանդատը վայր դնելուց հետո հետաքրքիր պատկեր է ստեղծվում թիվ 4 ընտրատարածքում: Նա հենց այս ընտրատարածքից դարձավ պատգամավոր՝ որպես վարկանիշային թեկնածու հաջորդելով Նիկոլ Փաշինյանին: Այժմ Ալեն Սիմոնյանին հաջորդում են անձինք, ովքեր այս պահին պաշտոններ են զբաղեցնում՝ Էդուարդ Աղաջանյան (վարչապետի աշխատակազմի ղեկավար), Տիգրան Ավինյան (փոխվարչապետ)»: