Արցախյան բանակցությունները կվերսկսվեն հունիսին. ՀՀ արտգործնախարար

ՀՀ արտգործնախարարն այսօր խորհրդարանում անդրադարձել է ԼՂ կարգավորման բանակցություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 Մայիս — Sputnik. Հունիսին Հայաստանը կվերականգնի Ղարաբաղյան բանակցությունների գործընթացը։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը` պատասխանելով պատգամավոր Կարեն Բեքարյանի հարցին։

Ռուսաստանը կշարունակի ակտիվ դերակատարությունը ԼՂ խնդրի կարգավորման գործում. ԱԳՆ

«Մենք արդեն կապի մեջ ենք համանախագահների հետ և արդեն հեռախոսազրույց ենք ունեցել նրանց հետ, և իրենք տեղեկացրել են Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ իրենց հանդիպման մասին: Մենք նախատեսում ենք վերականգնել այդ հանդիպումները: Ինչ վերաբերում է մեր դիրքորոշումներին, ապա մենք կողմ ենք բացառապես խաղաղ ու բանակցային ճանապարհով հարցի լուծմանը: Հայկական կողմը պատրաստ է շարունակել ղարաբաղյան հիմնախնդրի բանակցությունների դինամիկան», —հայտարարեց Մնացականյանը։

ԱԳ նախարարը նշեց նաև, որ Հայաստանն ուշադրության կենտրոնում է պահում տարածաշրջանային բոլոր զարգացումները, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ բանակցային գործընթացների վրա։