Հայ բռնցքամարտիկը կպայքարի ԱՊՀ չեմպիոնի տիտղոսի համար

«Նա համառ և ուժեղ տղա է», – ԱՊՀ գործող չեմպիոնն այսպես նկարագրեց հակառակորդին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի –Sputnik. Ռուսաստանաբնակ հայ բռնցքամարտիկ Հրաչիկ Մարգարյանը մայիսի 27-ին դուրս կգա ռինգ մենամարտելու տամբովցի Արթուր Օսիպովի հետ ԱՊՀ չեմպիոնի տիտղոսի համար։ Մարտն անցկացվելու է Վորոնեժի Event-Hall համերգասրահում։

Աբխազահայ բռնցքամարտիկը Ռուսաստանում անցկացրած առաջնությունում ոսկի է նվաճել

Օսիպովը գործող չեմպիոն է, 13 հաղթանակ է տարել` առանց մեկ պարտության։ Նրա գնահատականի համաձայն` առաջիկա մարտը տեսարժան է լինելու։

«Լավ մարտի ակնկալիք ունեմ։ Հրաչիկ Մարգարյանն ուժեղ ու համառ տղա է։ Աշնանը Տամբովում նա մասնակցել է «Չեմպիոնների մենամարտին» և լավ տպավորություն է գործել», – Օսիպովի խոսքերն է մեջբերում «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Հրաչիկ Մարգարյանը ծնվել է  Հայաստանում, 27 տարեկան է, վերջին 7 տարին զբաղվում է  բռնցքամարտով։ BoxRec միջազգային վարկանիշում նա 357–րդ հորիզոնականն է զբաղեցնում, ռուսականում` 12-րդը։ Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում 8 անգամ է ռինգ դուրս եկել, ունեցել 7 հաղթանակ և մեկ ոչ-ոքի։