Ո՞վ զբաղեցրեց Նիկոլ Փաշինյանի տեղն ԱԺ դահլիճում

ԱԺ նոր պատգամավորներն արդեն իրենց նստատեղերն ունեն ԱԺ դահլիճում: Նոր վարչապետի նախկին աթոռը ևս թափուր չի մնացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. «Ելք» խմբակցության նոր պատգամավոր Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում զբաղեցրեց Նիկոլ Փաշինյանի նախկին աթոռը: Այս հանգամանքը, նրա խոսքով, որևէ թաքնված իմաստ չունի, բայց պարտավորեցնող է:

«Շատ կարևոր տեղ է, խորհրդավոր իմաստ ունի ու շատ պարտավորեցնող է»,- ասաց Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում:

Այդուհանդերձ, խմբակցության նախկին ղեկավարի աթոռը զբաղցենելը, Ալեն Սիմոնյանի խոսքով, դեռ չի նշանակում, որ որոշված է, թե ով է զբաղեցնելու այդ պաշտոնը:

«Ո՞վ կփոխարինի Նիկոլ Փաշինյանին» հարցը «Ելք» խմբակցությունը քննարկելու է այսօրվա ընթացքում:

ԱԺ նոր պատգամավորներն աշխատանքը սկսեցին երդումով

Խմբակցության նորեկներից Հայկ Կոնջորյանն էլ լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ ԱԺ է եկել նոր օրենսդրական գաղափարներով, որոնք առաջիկայում խմբակցության հետ քննարկելուց հետո կդառնան օրենսդրական նախաձեռնություններ:

Ինչ վերաբերում է խմբակցության ղեկավարի ընտրությանը, Կոնջորյանը ևս չցանկացավ գաղտնիքներ բացել:

«Վերջնական որոշում կլինի, կասենք»,- ասաց նա՝ արձագանքելով լրագրողների հարցին, թե որ քաղաքական ուժի ներկայացուցիչ է լինելու խմբակցության նոր ղեկավարը՝ «Լուսավոր Հայաստանից», թե «Ելքից»:

Հիշեցնենք` «Ելք» խմբակցության նախկին ղեկավար Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին ընտրվել էր ՀՀ վարչապետ: Խմբակցության ևս 3 պատգամավոր տեղափոխվել են գործադիր իշխանություն: