Շարմազանովն աղոթելու է Նիկոլ Փաշինյանի համար ու գոտկատեղից ներքև չի հարվածելու

Նիկոլ Փաշինյանն ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի երազած վարչապետը չէ, բայց որոշ հարցերում նա պատրաստ է աղոթել Փաշինյանի հաջողության համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. Փաշինյանի կառավարությանը մենք ընդդիմություն ենք, բայց գոտկատեղից ներքև հարվածներ չենք տալու։ Այսօր ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Նիկոլ Փաշինյանն իմ երազած վարչապետը չի, բայց ցանկացած բանակցություններում ես նրա մեջքին կանգնած եմ, որովհետև ինքը իմ պետության վարչապետն է»,- ասաց Շարմազանովը` անդրադառնալով նոր վարչապետի` ԼՂ հիմնախնդրի շուրջ արտահայտած տեսակետին։

«Թեև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ, չի բխում ՀՀԿ դիրքորոշումից, բայց ցանկացած բանակցություններում ես աղոթելու եմ նրա հաջողության համար»,- ասաց նա։

Շարմազանովի համոզմամբ` եթե Փաշինյանը հաջողի բանակցություններում, դա կնշանակի նաև Հայաստանի հաղթանակը, որն իրենք միայն կողջունեն։ «Իսկ այն հայտարարությունը, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, շատ ողջունելի է, որովհետև մենք դրա մասին շատ ենք խոսել», — ասաց Շարմազանովը։

Փաշինյանի թեթև ձեռքով ՊԵԿ–ի վերնախավն ազատվեց պաշտոններից

Իսկ ինչ վերաբերում է նոր վարչապետի ու կառավարության կադրային ու արտաքին քաղաքական որոշ հարցերի, դրանց հետ Շարմազանովն այնքան էլ համաձայն չէ։

«Ընդդիմությունն ասում է` 7.5 տոկոսը նկարած է, բայց Ստեփան Մնացականյանը նշանակվել է, այսինքն՝ ընդունում են, որ նկարած չէ։ Կամ գնաք, պարոն վարչապետին կամ փոխվարչապետին ասեք՝ էս որ 6 ամսից ավել է, ինչ ասես ասում եք, որ ԵԱՏՄ-ի անդամակցությունը մեր անվտանգության շահերից չի բխում, ՀԱՊԿ անդամ մի շարք երկրներ թշնամական են տրամադրվել, հիմա չեք ասում», — հավելեց Շարմազանովը։

Անդրադառնալով ներքաղաքական վերջին իրադարձություններին` Շարմազանովը նշեց, որ ԱԱԾ-ն լուրջ կառույց է, և եթե հայտարարում է հակակոռուպցիոն պայքարի մասին, դա պետք է նաև շարունակություն ունենա։

«Որևէ ապօրինությունների, կոռուպցիոն սխեմաների մեջ ես չեմ եղել, որևէ ներկրման և արտահանման մեջ չեմ եղել, բիզնեսները ապօրինություն չեմ համարում, բայց վերջին 12 տարվա ընթացքում 24 ժամ զբաղված եմ եղել քաղաքականությամբ»,- ասաց Շարմազանովը` հավելելով, որ ինքն անձամբ վախենալու բան չունի։

Իսկ իր կուսակից ընկերների մասին հարցին ՀՀԿ խոսնակը պատասխանեց, որ իր համար արտոնյալներ չկան, օրենքի առջև բոլորը պետք է լինեն հավասար։