ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. Ավստրալիայի Ռայդ քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է բանաձև՝ ի սատարում Արցախի Հանրապետության անկախության։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն` նշելով, որ բանաձևում քաղաքային խորհուրդը կոչ է արել կենտրոնական կառավարությանը՝ պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը և ամրապնդել Ավստրալիայի հարաբերություններն Արցախի ու արցախցիների հետ։
Արցախի ազատագրական շարժման 30-ամյակի առիթով ընդունված բանաձևում Ռայդի քաղաքային խորհուրդը նշում է, որ «ճանաչում է բոլոր ժողովուրդների, այդ թվում նաև՝ Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը», ընդգծում է Արցախի Հանրապետության շարունակական ջանքերը՝ ուղղված օրինական խորհրդարանական ընտրությունների միջոցով ազատ և ժողովրդավարական հասարակության կառուցմանն ու պատասխանատու կառավարության կազմավորմանը»։
Բանաձևում ընդգծվում է միջազգային հանրությունում Արցախի Հանրապետության ներգրավվածության անհրաժեշտությունը՝ տարածաշրջանային խնդիրների լուծմանը հասնելու և խաղաղություն ու կայունություն հաստատելու նպատակով։
Բանաձևի հեղինակները կարևորում են նաև Արցախի ժողովրդին մարդասիրական և տնտեսական աջակցության տրամադրումը, կոչ անում Ավստրալիայի կառավարությանը պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը և ամրապնդել Արցախի Հանրապետության հետ հարաբերությունները։